Ախալքալաքում ախտահանվում են փողոցները, բակերը, բազմաբնակարան շենքերի մուտքերը, ինչպես նաև գյուղական համայնքներում տեղադրված աղբարկղները և աղբահանություն իրականացնող մեքենաները:

Այսօր, մարտի 26-ին Ախալքալաքի ամենամարդաշատ վայրերն ու փողոցները ախտահանվել են: Ինչպես Jnews-ին հայտնում են Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից ախտահանման աշխատանքները շարունակական բնույթ կկրեն:

dezinfekciya_2

Սպասարկման կենտրոնի աշխատակիցները վաղ առավոտից ախտահանել են՝ Խաս Բախչա զբոսայգու չորս կողմը, Ազատության և Աղմաշենեբելի փողոցները ամբողջությամբ՝ ներառյալ Շրջանային հիվանդանոցի բակը, Նալբանդյան փողոցը Չարենցի խաչմերուկից մինչև ավտոկայան, Ջավախեթի փողոցը, բիրժայի տարածքը, 15-րդ նախկին զինվորական ավանի շենքերի բակերը և այլ փողոցներ:

dezinfekciya_3

«Աշխատանքներն սկսեցինք առավոտյան ժամը 6-ին: Մարդկանց շարժը սկսվելուն պես դադարեցրինք, հիմա ախտահնման աշխատանքները շարունակվում են գյուղերում: Այսօր ախտահանվում են գյուղական համայնքներում տեղադրված աղբամանները: Մենք ամենօրյա ռեժիմով ախտահանման աշխատանքներ կիրականացնենք տարբեր վայրերում»,- ասում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:
dezinfekciya_4

Հականեխիչ նյութերով ախտահանում Ախալքալաքում

Այսօր կախտահանվեն՝ Արագվա, Գոման, Կոթելիա, Բարալեթ, Խանդո, Օրջա գյուղերում և այս գյուղեր տանող ճանապարհներին տեղադրված աղբամանները, իսկ վաղը՝ Կարծախ, Վաչիան, Դադեշ, Գումբուրդո և մնացած գյուղերի աղբամանները:

Հավելենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանը Սպասարկման կենտրոնին տրամադրել է մեկ տոննա հականեխիչ լուծույթ, որպեսզի Կենտրոնն ախտահանման աշխատանքներ իրականացնի: