Ջավախքի դպրոցների տարրական դասարանների շուրջ 150 աշակերտներ գրենական պիտույքներ և պայուսակներ նվեր ստացան Հայ Կրթական Հիմնարկության կողմից:
Այս օրերին Ջավախքի հեռավոր և սահմանամերձ գյուղերի դպրոցների տարրական դասարանների աշակերտներին բաժանվեց դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Ջավախքում այս ծրագիրն իրականացվում է Հայ Կրթական Հիմնարկության ֆինանսավորմամբ և Վրաստանում Հայ Օգնության Միության (ՎՀՕՄ) օժանդակությամբ:
«Այցելում ենք հիմնականում սահմանամերձ գյուղերի դպրոցներ: Հայ Կրթական Հիմնարկությունը տարիներ առաջ Ջավախքի բազմաթիվ դպրոցներում շինարարական և վերանորոգման աշխատանքներ է իրականացրել: Այս հիմնարկության ներկայացուցիչները աշխարհի տարբեր ծայրերից համախմբված աշխատանք են տանում կրթական բնագավառին օժանդակելու համար»,- ասաց ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:
Հայ Կրթական Հիմնարկությունը տարբեր կրթական ծրագրեր է իրականացնում ոչ միայն Ջավախքում, այլև Արցախում, Գյումրիում, Վանաձորում, Երևանում և այլուր: Դպրոցական ծրագրերից մինչև ուսանողական կրթաթոշակներ:
Աղունիկ Այվազյան