Թբիլիսիում կայացել է հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորների, բազմաթիվ հյուրերի և Վիրահայոց թեմի հավատացյալների մասնակցությամբ այսօր ներկա են գտնվել Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը, որը վարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա է եղել նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով մյուս բարերարների հետ Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձր պարգևներով:
Վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 մլն դոլար: Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ տաճարի (XIII դար) վերականգնման նախագիծը մեկնարկել էր 2012 թվականին՝ դառնալով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարեւոր ծրագրերից մեկը եւ ստանալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու Վրաստանի իշխանությունների աջակցությունը:
«Բոլոր ժամանակներում հայ եկեղեցին, հատկապես հայրենիքից դուրս ապրող հայության համար եղել է կրթական, մշակութային ու լուսավորչական կենտրոն: Համոզված ենք, որ առաջնորդանիստ տաճարի վերականգնումը թույլ կտա Վրաստանի հայկական համայնքին ավելի լիարժեք հոգեւոր կյանքով ապրել: Շնորհակալ ենք դոնորներին, ովքեր աջակցեցին վերականգնել վիրահայության ու Թբիլիսի քաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող այս մշակութային կոթողը: Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցմամբ ավարտվեց «Տաճարային համալիր» ծրագրի առաջին փուլը: Մենք մտադիր ենք շարունակել այն եւ տաճարին կից մշակութային-լուսավորչական կենտրոն ստեղծել»,- նշում է IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Վերաօծման հանդիսավոր արարողությունը կատարվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ:
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համայն հայության Մայր Եկեղեցին է, որովհետեւ հազար 700 տարիներ ի վեր այն հոգեւոր սնունդ է տվել իր զավակներին, մայրական հոգածությամբ իր շուրջն է խմբել աշխարհասփյուռ հայությանը: Հայ Եկեղեցին պահել ու պահպանում է գրոց բարբառը, հազարամյակների խորքից եկող հոգեւոր երաժշտությունը եւ արվեստի ճյուղերը: Վերաբացվող Սուրբ Գեւորգը հենց այսպիսի առաքելություն է ունեցել հիմնադրման օրից ի վեր: Եվ այսօր էլ բարեգործ ազնիվ նվիրատուներ Ռուբեն Վարդանյանի ու նրա ընկերների նյութական միջոցներով հիմնանորոգումից հետո տաճարն իր բարձրարժեք որմնանկարներով ու հոգեւոր արժեքով դառնում է ինչպես հայ համայնքի, այնպես էլ Թբիլիսիի սրտի վրա հառնած մարգարիտ, որը հարստացնում է բազմազգ ու բազմակրոն քաղաքը»,- ասում է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: