Վրաստանում՝ ո՛չ Ախալքալաքի մունիցիպալիտետում, ո՛չ էլ որևէ այլ տեղ, երկրում արտակարգ դրության պատճառով մթերային խանութները չեն փակվում: Մի՛ հավատացեք և մի՛ տարածեք չճշտված տեղեկություններ:
Արդեն երկու օր է, ինչ Ախալքալաքում տեղեկատվություն է տարածվում, որ մթերային խանութները սկսել են փակվել: Դա չի համապատասխանում իրականությանը: Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանափակումներ մտցնելուց ի վեր, անընդհատ ասվում է, որ սահմանափակումները չեն վերաբերում մթերային խանութներին:
Այնպես որ, կարիք չկա խուճապի մատնվելու, խանութները միշտ բաց կլինեն:
Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ խանութները կարող են խախտել օրենքը, որ նրանք չպետք է հետևեն հիգիենայի կանոններին, սանիտարական պայմաններին, սննդի անվտանգության կանոններին, ինչպես նաև նրանք չեն կարող ցանկացած գին դնել իրենց ապրանքի վրա: Մթերային խանութների համապատասխանությունը սննդի անվտանգության ստանդարտներին եղել է, կա և կլինի պարտադիր:
Խախտումների դեպքում խանութները կարող են տուգանվել, ինչպես և նախկինում, սակայն դա կապված չէ արտակարգ դրության հետ, և եթե մի խանութ տուգանվել է, դա դեռ չի նշանակում, որ մյուսները նույնպես կտուգանվեն, առավել ևս՝ կփակվեն: