Մարտի 23-ի, ժամը 15:20-ի դրությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 325 մարդ, կարանտինում՝ 27 մարդ: Նինոծմինդայի մունիցիպալիտետում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 183 հոգի, իսկ կարանտինում՝ 4:

Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի՝ Ախալքալաքի ինքնամեկուսացված բնակիչներից ոչ ոքի մոտ չեն նկատվել կորոնավիրուսի ախտանշաններ: ՀԱԿ-ը մշտական կապ է պահպանում այդ մարդկանց հետ:

Ընդհանուր առմամբ, Ջավախքում ինքնամեկուսացված է 508 մարդ: Ախալքալաքից 27 մարդ տեղափոխվել է կարանտինային գոտիներ, իսկ Նինոծմինդայից՝ 4 մարդ:

Կանխարգելիչ նպատակներով, մարտի 21-ից՝ արտակարգ դրության հայտարարելուց հետո, բոլոր այն քաղաքացիները, ովքեր վերադառնում են այլ երկրներից, անմիջապես տեղափոխվում են կարանտինային գոտի:

Տեղի առողջապահական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև իրավապահ մարմինները խնդրում են Վրաստանի քաղաքացիներին ցուցաբերել հանրային պատասխանատվություն, հետևել ինքնամեկուսացման խորհուրդներին, չխախտել դրանք` պաշտպանելու և իրենց, և հարազատների, և ընկերների, ինչպես նաև ամբողջ հասարակության առողջությունը:

Վրաստանում գրանցվել է COVID 19-ի հաստատված 54 դեպք, այդ թվում՝ 8 հիվանդ ապաքինվել է: Մարտի 23-ի ժամը 18:30-ի դրությամբ, 3 320 մարդ գտնվում է կարանտինի մեջ, ևս 235 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ: