Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։
Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտնում, ինչպես նաև վրաններով և հատուկ տեխնիկայով բեռնված բեռնատարներ, տեղեկացնում է Aliq.ge-ն։
Խիստ միջոցներ են ձեռնարկվում, քանի որ կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել Մառնեուլիի բնակիչ մի 67-ամյա կնոջ մոտ, որը մի քանի օր առաջ ներկա է գտնվել մոր հոգեհանգստի արարողությանը, որտեղ մի քանի տասնյակ մարդ է եղել։ Դեռևս պարզ չէ, թե ով է եղել վարակի աղբյուր։ Հնարավոր է համարվում, որ դա կարող է լինել կնոջ քույրը, որն Ադրբեջանից էր եկել։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը գիշերվա ընթացքում հոսպիտալ է բացել: Դաշտային հոսպիտալից բացի տեղում կբացվի հատուկ տարածք, որտեղ տեղի կունենա բժշկական աշխատակիցների ախտահանումը:
Հիշեցնենք, նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի:
Վարչապետի խոսքով, այսօրվանից սահմանափակվում է վերոնշյալ մունիցիպալիտետներ ելումուտը, փակվում են բոլոր օբյեկտները, հասանելի կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները:
Արգելվում է նաև բնակիչների տեղաշարժը, բացառություն են կազմում դեպքերը, երբ շտապ անհրաժեշտություն կա: Բացառություն է կազմում նաև գյուղատնտեսությամբ զբաղվելը:
Նշենք, կփակվի նաև հիվանդանոցը, որտեղ բուժվում էր կինը, ում մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Վերջինս մասնակցել էր սգո արարողության և հիմա նրա շփման շրջանակը հասնում է 490-ի: Մեկ գիշերվա ընթացքում Մառնեուլիում բացվել է նաև մոբիլ հիվանդանոց:
Վրաստանի Մառնեուլի շրջանը սահմանակից է Հայաստանին, այդտեղ ապրում է մինչև 160 հազար մարդ։ Շրջանն առավելապես ադրբեջանաբնակ է։