Վրաստանը մարտի 18-ից երկու շաբաթով փակում է սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար, այս մասին հայտարարել է երկրի կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին:
Կփակվեն նաև Բակուրիանի և Գուդաուրի հանգստավայրերը: Գուդաուրիի հանգստավայրը փակելու պատճառը ռեստորաններից մեկի հաճախորդներն են՝ Չեխիայի քաղաքացիները, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին կառավարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին: Վերջինս ևս մեկ անգամ կոչ է արել զերծ մնալ մարդաշատ հավաքներին մասնակցելուց, ռեստորաններին հորդորել ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը:
Ինչ վերաբերում է 60 տարեկանից բարձր քաղաքացիներին, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Չիքովանին կոչ է անում նրանց առավելագույն կերպով ինքնամեկուսացվել:
Հիշեցնենք, Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների 33 դեպք է արձանագրվել, այստեղից մեկն արդեն ապաքինվել է: Կարանտինային գոտում է 637, հատուկ ուշադրության տակ՝ 54 մարդ: