Արագիլները վերադառնում են Նինոծմինդայի մունիցիպալիտետ: Գեղեցիկ թռչունների զույգերը հյուսում են իրենց բույնը՝ նախապատրաստվելով սերունդ տալուն: Շուտով փոքրիկ ձագուկները բներից կբարձրացնեն իրենց գլուխները:
Ջրային ռեսուրսներով հարուստ Նինոծմինդայի մունիցիպալիտետը գրավիչ պայմաններ է ստեղծում արագիլների համար, որոնք ավելի ու ավելի են գալիս այստեղ:
Տեղական ՀԿ-ների գնահատմամբ՝ ամեն տարի այստեղ թռչում են մոտավորապես 270 տեսակի թռչուններ: Ինչ վերաբերում է սպիտակ արագիլներին, ապա այս տարի առաջին արագիլը հայտնվել է փետրվարի կեսերին: Արագիլներն ամենից հաճախ բույն են հյուսում այնտեղ, որտեղ գտնվում են նրանց տոհմակիցները:
Սպիտակ արագիլը նախընտրում է այն վայրերը, որտեղ կան մարգագետիններ, ճահիճներ և ջրամբարներ: Երբեմն արագիլները բույն են հյուսում տների տանիքների կամ ծառերի վրա, որոնք գտնվում են բնակավայրերի անմիջական հարևանությամբ և բարձրավոլտ գծերի սյուների վրա: Արագիլների բույնը ավելի քան 1 մետր տրամագիծ ունի, ուստի հաճախ զույգ արագիլներից բացի, այնտեղ ապրում են նաև փոքրիկ թռչունները (ճնճղուկներ):
Արագիլները, որպես կանոն, երկուից հինգ ձու են դնում: Երկու ծնողներն էլ թղսկան են: Էգը թուղս է նստում գիշերը, արուն` օրվա ընթացքում: Առավել թույլ կամ հիվանդ ձագերին ծնողները դուրս են նետում բնից: Փոքրիկ արագիլները կերակրվում են ճիճուներով: Ճիճուները նրանց համար կտուցներով բերում են ծնողները: Այս թռչունների հիմնական սնունդը գորտեր են, խոշոր մորեխներ: Արագիլները սնվում են նաև անձրևաորդերով:
Քրիստինե Մարաբյան