Ախալքալաքում կկառուցվեն փոքր 2 հիդրոէլեկտրակայաններ: ՀԷԿ-երի կառուցումը տարատեսակ վերբերմունք է առաջացնում հասարակության տարբեր ներկայացուցիչների շրջանում: Բնապահպանական կազմակերպությունները գտնում են, որ կայանների բացասական ազդեցությունն ավելին է, քան օգուտը: Իշխանությունների ներկայացուցիչները դրան նայում են որպես մունիցիպալիտետի եկամտի հիմնական աղբյուր, իսկ կայաններին մոտ ապրող մարդիկ վախենում են և դիմակայում: Ինչն է ավելի շատ, օգուտը թե վնասը, դժվար է հաշվարկել, բայց Jnews- ը ներկայացնում է տարբեր կողմերի փաստարկները:
Ախալքալաքի ՀԷԿ-երը
Ախալքալաքից մինչև Ախալցիխե՝ Փարվանա գետի վրա կառուցվել են կամ կառուցման ընթացքում են երկու խոշոր հիդրոէլեկտրակայաններ՝ «Փարավանի» և «Ռուսթավի»: «Ռուսթավի»-ն Ասպինձայի մունիցիպալիտետի տարածքում է, «Փարավանի»-ն՝ Ախալքալաքի: Մոտ ապագայում Ախալքալաքի մունիցիպալիտետում կսկսվի ևս 2 հիդրոէլեկտրակայանների կառուցումը`«Ախալքալաք 1»-ի և «Ախալքալաք 2»-ի:
«Փարավանի» հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում, կայանի հզորությունը 90 ՄՎտ է, չնայած ներկայումս արտադրվում է 35-40 ՄՎտ: «Ախալքալաք 1»-ի հզորությունը կլինի 7,5 ՄՎտ, իսկ «Ախալքալաք 2»-ի հզորությունը՝ 1,8 ՄՎտ: Բացի այդ, Փարվանա գետի և նրա վտակների վրա կառուցվել են 4 փոքր ՀԷԿ-եր, որոնց հզորությունը չի գերազանցում 1 ՄՎտ-ը: Խուլգումոյի կամրջի տակ գտնվող հիդրոէլեկտրակայանը գոյություն ունի դեռ խորհրդային տարիներից: Կայանը արտադրած էլեկտրաէներգիան այժմ վաճառում է «Energo Pro Georgia» էներգոբաշխիչ ընկերությանը: Մնացած փոքր կայանները էլեկտրաէներգիա են արտադրում և վաճառում հիմնականում տեղական սպառողներին, խանութներին կամ այլ հիմնարկությունների, որոնց համար ավելի շահավետ է էլեկտրաէներգիան գնել այս կայաններից:
ՀԷԿ-երը և բնակչությունը
Ախալքալաքում ՍՊԸ «Աիսի» -ին կկառուցի երկու նոր հիդրոէլեկտրակայանները: Այս առիթով ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի իշխանությունները քաղաքապետարանի շենքում և գյուղերում մի քանի անգամ հանդիպել են մոտակա գյուղերի բնակչության հետ: Այդ հանդիպումները բնակչության հետ ունեն շարունակական բնույթ:
Կորխ և Դիլիսկա գյուղերը, որոնց մոտակայքում կտեղակայվեն նոր հիդրոէլեկտրակայանները, բերում են իրենց փաստարկումները, թե ինչու չեն ցանկանում այդ կայանների կառուցումը: Նրանք վախենում են մի քանի հետևանքներից, որ ոռոգման սեզոնի ընթացքում թե հիդրոէլեկտրակայանների և, թե ոռոգման համար ջուրը չի բավականացնի, որ խմելու ջրի աղբյուրները կսպառվեն …
«Մենք համաձայնություն ենք տվել, որ նրանք կարող են օգտագործել մեր տարածքը: Սա առաջին փուլն է: Մենք դեռ չգիտենք, թե ինչ պայմաններ կլինեն պայմանագրում, բայց միշտ բնակչության կողքին ենք, մենք կպահանջենք, որ ոռոգման սեզոնին հիդրոէլեկտրակայանը դադարեցնելու մասին պայմանները ներառվեն պայմանագրում», – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:
Ջրի հոսքը և գետի իշխանը
Ջավախքը հարուստ է ջրային ռեսուրսներով, յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհով: Ջավախքի գետերում ապրում են բազմաթիվ ձկներ, որոնցից գետի իշխանը գրանցված է Կարմիր գրքում: Տեղի ձկնորսները բողոքում են, որ հիդրոէլեկտրակայանի պատճառով Փարվանա գետի իշխանը ոչնչացման եզրին է: Այն պատճառով, որ գետի հունում ջրի հոսքը կտրուկ նվազում է, իսկ բազմացման ընթացքում ձկները չեն կարող լողալ դեպի վեր՝ հոսանքին հակառակ:
Պատասխանատու մարմինները պնդում են, որ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի հիդրոէլեկտրակայանները մեծ բացասական ազդեցություն չունենան գետերի ջրաշխարհի վրա: Բնապահպանության տարածաշրջանային վարչության տեսուչ Պաատա Պարունաշվիլին ասում է, որ նրանք 24 ժամյա էլեկտրոնային մոնիտորինգ են անցկացնում:
«Եթե նույնիսկ 15 րոպե ջուր չլինի, ապա համակարգիչը տեղեկատվություն է փոխանցում նրանց, ովքեր վերահսկում են: Առանց էլ ոչ մի նախագիծ չեն ընդունում: Առանց ձկնանցարանի նախագծերը մեծ չափերով կտուգանվեն: Սամցխե-Ջավախքում մենք տուգանման դեպք չենք ունեցել, բայց մնացած շրջաններում հիշում եմ տուգանքների դեպքեր եղել են », – ասում է Պաատա Պարունաշվիլին:
ՀԷԿ-երից բյուջե մտնող միջոցները
Շրջակա միջավայրի վրա ազդեցության խնդիրներն ավելի վերացական են դառնում, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ գումարներին, որոնք մունիցիպալիտետի բյուջե են մտնում ՀԷԿ-երից:
Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում գտնվող «Փարավանի» խոշորագույն հիդրոէլեկտրակայանը պատկանում է թուրքական «Georgia-Urban Energy» ընկերությանը: Ամեն տարի, տարածքի օգտագործման համար, հիդրոէլեկտրակայանը Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեին վճարում է 200 000 լարի, իսկ Ասպինձայի մունիցիպալիտետին` 2 000 000 լարի: Ինչպես նաև կայանում գործառված է 34 մարդ:
Իսկ «Ախալքալաք 1» և «Ախալքալաք 2» հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքում «Աիսի» ընկերությունն Ախալքալաքի մունիցիպալիտետին մեկ տարվա համար կվճարի մոտ 200 000 ԱՄՆ դոլար:
«Այսօր մեր բյուջեն բաղկացած է 8 միլիոն լարիից, որից 6-ը վճարվում է երկաթգծի և հիդրոէլեկտրակայանների կողմից: Եթե դա չլիներ, մենք չէինք կարողանա աշխատավարձերը վճարել, մանկապարտեզներ պահել, ճանապարհներ կառուցել կամ սոցիալական աջակցություն ցուցաբերել: Եթե այդպես մտածենք բնապահպանական տեսանկյունից ավտոմեքենաները նույնպես վնասակար են առողջության համար: Սա հռետորական հարց է՝ կախված նրանից, թե ինչպես ես նայում դրան », – ասում է Արմեն Մառանգոզյանը:
Բնապահպանության գնահատումը կարևոր է
«Կանաչ այլընտրանք» ՀԿ աշխատակից Դավիթ Ճիպաշվիլին կարծում է, որ հիդրոէլեկտրակայանի կառուցման յուրաքանչյուր նախագիծ պետք է մանրամասն ուսումնասիրվի, հետազոտվի և գնահատվի: Ամենամեծ խնդիրը, ըստ նրա, վատ կատարված գնահատումն է:
«Գնահատումը կատարվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության զեկույցի շրջանակներում: Գնահատումը զեկույց է, որը գնահատում է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Դրա հիման վրա հետագայում տրվում է շինարարության թույլտվությունը: Նախագիծն ունի ցանկացած տեսակի ազդեցություն, որը հնարավոր է: Իհարկե, դա կախված է նրանից, թե որտեղ է այն կառուցվել, ազդեցություն լինում է բնության վրա, գետի էկոհամակարգի վրա, եթե կա բնակավայր, առաջանում է նաև սոցիալական ազդեցություն: Մեր դեպքում ամենախնդրահարույցն այն է, որ յուրաքանչյուր նման նախագծի անհրաժեշտությունը երբևէ չի նշվում որևէ փաստաթղթում: Ես նկատի ունեմ տնտեսական և էներգետիկ կարիքն ու անհրաժեշտությունը », – ասում է Դավիթ Ճիպաշվիլին:
Նա գտնում է, որ Վրաստանը չունի էներգետիկ զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր:
«Այն, ինչի համար մենք հիդրոէլեկտրակայան ենք կառուցում չի նշվում: Հետևաբար, առաջանում է խնդիր: Նախագծերում չի հիմնավորվում, թե ինչու ենք մենք կառուցում հիդրոէլեկտրակայաններ, և ինչ դեր պետք է նրանք ունենան: Նախագիծը պետք է իսկապես հաստատի իր անհրաժեշտությունը: Օրինակ՝ Նորվեգիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, որոշումների կայացման գործընթացը (ոչ թե շինարարությունը) տևում է 10 տարի: Դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես մեր մոտ: Մեր մոտ մակերեսորեն են կայացնում որոշումները: Դա դժվար հարց է և չի կարելի ասել, որ հիդրոէլեկտրակայանը որևէ բանի վրա չի ազդում », – ասում է Դավիթ Ճիպաշվիլին:
«Փարավանի» հիդրոէլեկտրակայանի բնապահպան Դավիթ Նոզաձեի խոսքերով, որը հանդիսանում է նաև կառուցվող երկու հիդրոէլեկտրակայանների բնապահպանը, հիդրոէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը:
«Մենք միայն դիպչում ենք գետին: Գոյություն ունի սենսոր, որը վերահսկում է գետում ջրի քանակը: Ամեն 3 վայրկյանը մեկ ազդանշան է փոխանցում, թե որքան ջուր ենք բաց թողնում, որպեսզի գետը չմնա առանց ջրի: Մենք օգտագործում ենք որոշակի քանակություն, եթե ամբողջ ջուրն օգտագործենք գետը կցամաքի: Մենք սպառում ենք նորմայի համաձայն՝ 1,75 խորանարդ մետր ջուր մեկ վայրկյանում: Եթե մենք կանգնեցնենք ջուրը, ապա բնության պաշտպանությունն անմիջապես կգա, նրանք վերահսկում են ջուրը », – ասում է Դավիթ Նոզաձեն:
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, հիդրոէլեկտրակայանի կառուցման թույլտվություն տալուց առաջ իրականացվում է երկարատև և մանրամասն գնահատում: 2018 թվականի հունվարի 1-ից գործարկվել է «Շրջակա միջավայրի պաշտպանության գնահատման օրենսգիրքը», որի համաձայն բնակչությունը կարող է մասնակցել համապատասխան որոշման կայացման և փորձաքննության անցկացման գործընթացներին:
«Բնապահպանության որոշման համար ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում կարող է լինել հանրային փորձագետ: Այս հանձնաժողովի աշխատանքների արդյունքները տրամադրվում են փորձաքննության եզրահանգմամբ: Բոլոր նախատեսված փուլերը ավարտելուց հետո նախարարը որոշում է մերժել կամ որևէ գործողություն ձեռնարկել », – ասացին Նախարարությունից ի պատասխան մեր հարցմանը:
«Ախալքալաք 1» և «Ախալքալաք 2» հիդրոէլեկտրակայանները ՍՊԸ «Գամա Քոնսալթինգ» փորձագիտական կազմակերպության գնահատականի հետ, թույլտվության համար, փաստաթղթերը ներկայացրել է նախարարություն: Եվ ըստ նախարարության 2020 թվականի փետրվարի 20-ի տեղեկատվության, մինչ այժմ իրականացվել են վարչական վարույթներ, և վերջնական պատասխան դեռ չկա, ավելի կոնկրետ՝ այդ հիդրոէլեկտրակայանների կառուցման թույլտվությունները:
«Շրջակա միջավայրի պաշտպանության որոշումը ստանալու համար ՍՊԸ «Աիսի»-ն 2019 թվականի հոկտեմբերի 15-ի N 14634 գրությամբ դիմել է նախարարություն և ներկայացրել շրջակա միջավայրի պաշտպանության վրա ազդեցության հաշվետվությունը: Այս նախագծի նկատմամբ իրականացվում են վարչական վարույթներ, ուստի շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել», – պատասխանեցին Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունից:
Եվ նաև ի պատասխան մեր հայցի, հաղորդվում է, որ 5 ՄՎտ և ավելի հզորությամբ հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու շահագործումը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման: Իսկ 2 ՄՎտ-ից մինչև 5 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու շահագործումը ենթակա են սքրինինգի(ստուգման):
Սքրինինգը դա ուսումնասիրությունների համալիր է, որոնք ուղղված են սպառողների էլեկտրաէներգիա գնելու ծախսերը նվազեցնելու հնարավոր եղանակների բացահայտմանը:
Օգուտն է մեծ թե վնասը, յուրաքանչյուր տարածաշրջանի համար անհատական և վերացական է, քանի որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը չի զգացվում անմիջապես և կտրուկ: Սակայն, մնում է հուսալ, որ շինարարության վերաբերյալ որոշումներ կայացնողները կուսումնասիրեն և կկշռադատեն բոլոր՝ կողմ և դեմ կողմերը:
Շուշան Շիրինյան