Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանի հյուրանոցների ամրագրումների 90%–ը չեղարկվել է։ Այս թիվը հնչել է Վրաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների արտակարգ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին։

Հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի նախագահ Շալվա Ալավերդաշվիլին արձանագրել է, որ առաջին հարվածը ստացել է Վրաստանի զբոսաշրջային ոլորտը։

«Վերջին 5-6 օրում չեղարկվել է մարտ–ապրիլին ամրագրված հյուրանոցային համարների 80-90 տոկոսը։ Դա նշանակում է, որ ոլորտը սնանկացման եզրին է։ Պատճառը հենց կորոնավիրուսն է, ուրիշ պատճառ չկա։ Մեղավորներ չկան։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից և ինչ անել անձնակազմը պահելու համար», — հայտարարել է Ալավերդաշվիլին։

Նրա գնահատականով՝ առավելագույն վնասը կրում է Թբիլիսին, շրջանների մեծ մասում զբոսաշրջային սեզոնը կամ ավարտվել է, քամ դեռ չի սկսվել։

«Իսկ Թբիլիսիում սեզոնը մեկնարկում է մարտին։ Այս ամիս զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է մուսուլմանական երկրներից․ նրանց մոտ նովրուզ–բայրամն է, գալիս են հանգստանալու։ Եթե իրավիճակը չփոխվի, ապա պետք է սպասել զանգվածային կրճատումների, նախևառաջ, հյուրանոցներում։ Հարկ է նշել, որ զբոսաշրջության ոլորտում աշխատում է շուրջ 100 հազար մարդ», — ասել է Ալավերդաշվիլին։

Նաև խնդդիր կա, ըստ նրա, բանկերի հետ կապված, որոնցից զբոսաշրջային ճյուղի ներկայացուցիչները վարկեր են վերցրել նոր սեզոնի համար․ զբոսաշրջիկներ չկան, եկամուտ՝ նույնպես, իսկ վարկերը պետք է մարել։ Հավանաբար, զբոսաշրջային ոլորտը օգնություն և ըմբռնում կխնդրի։