Փետրվարի 12-ին, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոնի առթիվ Թբիլիսիում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն:
Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Վրաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Սուջաշվիլին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբաիան, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հոգևոր դասի և վիրահայ համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ:
Ողջույնի իր խոսքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամենակարևոր դրվագներից մեկը հայկական բանակի ստեղծումն էր։
Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանն անդրադարձ է կատարել օրվա խորհրդին ու Հայոց զինուժի դերին ու նշանակությանը, ինչպես նաև խոսել է Հայոց բանակի կազմավորման գործընթացի ու դրա անցած ուղու մասին։
Վրաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Սուջաշվիլին իր ելույթում ընդգծել է հայ և վրացի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված փոխգործակցության կարևորությունը՝ շեշտելով ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանային անվտանգության։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր շնորհավորական խոսքում նշել է այն կարևոր դերակատարությունը, որն իրականացնում են ՀՀ Զինված ուժերը երկրի անվտանգության պահպանման և միջազգային համագործակցության շրջանակներում։
Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունը: