Փետրվարի 1-ից 5-ն աշխատանքային այցով Վրաստանում է գտնվում ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Այցի վերջին օրը Հանձնակատարը հանդիպում է Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների բնակչության, լրատվամիջոցների և տեղական իշխանությունների հետ: Հանդիպումներն անցկացվեցին Jnews-ում, Ախալքալաքի քաղաքապետարանում, Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում, ինչպես նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում:

Հանձնակատարի այցն Ախալքալաք սկսվեց Ջավախքի տեղեկատվական կենտրոնի (Jnews) գրասենյակ այցելությամբ, որից հետո վերջինս իր աշխատակազմի, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի և իր այցը կազմակերպող դեսպանատան այլ դիվանագետների հետ միասին ուղվեց դեպի Ախալքալաքի քաղաքապետարան:

Քաղաքապետարանում հանդիպումը սկսվեց ժամը 11:30-ին: Հանձնակատարը խոսքում նշեց, որ նա արդեն երկրորդ անգամ է Ջավախքում, բայց առաջին անգամ՝ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնում: Նա նշեց, որ միլիոնավոր հայեր ապրում են Հայաստանի սահմաններից դուրս, յուրաքանչյուր սփյուռք կարևոր է Հայաստանի համար, և Ջավախքը դրանում նույնպես ունի իր հատուկ դերը:

«Ես ուզում եմ, որ դուք զգաք Հայաստանի Հանրապետության շունչը, իմանաք, որ դուք ունեք պատմական հայրենիք, որտեղ միշտ Ձեզ հիշում են, հոգ տանում և անհանգստանում Ձեր մասին, եթե դրա առիթը կա: Հետաքրքրված ենք, որ դուք Վրաստանի լիարժեք քաղաքացի լինեք, որ դուք օգտվեք բոլոր այն իրավունքներից, որոնք ժողովրդավարական Վրաստանը տրամադրում է իր քաղաքացիներին: Եվ մենք ցանկանում ենք, որ Ձեր կապը Հայաստանի հետ լինի ամուր», – ասաց նա:

Սինանյանը պատմեց, որ 2008թ.-ին ՀՀ-ում ձևավորվել է Սփյուռքի նախարարությունը, իսկ 2018թ.-ին՝ Հայաստանում հեղափոխությունից հետո նախարարությունը վերակազմավորվել է, և ստեղծվել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որը զբաղվում է սփյուռքի հետ կապված բոլոր հարցերով:

Սինանյանը խոսեց նաև Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակի մասին, որ հեղափոխության ոգին մինչ այժմ տիրում է Հայաստանում: Նա նաև նշեց, որ ընթանում է դատական համակարգի լուրջ բարեփոխում:

Sadoyan 1

Այն բանից հետո, երբ Զարեհ Սինանյանը և դեսպան Ռուբեն Սադոյանը ելույթ ունեցան, սկսվեց հարց ու պատասխանի ձևաչափը: Մասնակիցները բարձրացրին այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնտեսական իրավիճակը և այս իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավոր քայլերը, Հայաստանում երիտասարդության համար բարձրագույն կրթության հնարավորությունը, սփյուռքահայության ներուժը, Պետական անվտանգության ծառայության աշխատանքը և տեղական պաշտոնյաների նկատմամբ նրանց վերահսկողությունը, մարդու իրավունքների ոտնահարումը: Այն փաստը, որ հայերը լքում են Ջավախքը: Դժգոհություն հայնտվեց նաև, որ Ախալքալաքում բացվել են բազմաթիվ խաղատներ, ինչը վտանգ է ներկայացնում երիտասարդների համար: Խոսվեց զինվորական զորակոչի մասին: Բնակիչներից ոմանք նաև ծրարով նամակներ հանձնեցին:

Zareh_ekexeci

Բնակչության հետ հանդիպումից հետո Սուրբ Խաչ եկեղեցում հանձնակատարը մոմեր վառեց: Այնուհետև այցելեց Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն:

Zareh_arajnordaran

Հյուրերը եղան նաև Ախալքալաքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, ծանոթացան կենտրոնի սաների աշխատանքներին:

Zareh_armat

Դրանից հետո Ախալքալաք կատարած այցն ավարտվեց, հանձնակատարը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների հետ միասին, նույն ճանաչողական այցով մեկնեցին Նինոծմինդա: