Ախալքալաքում ապատեղեկատվություն է տարածվում, որ Կարծախ և Սուլդա գյուղերի տարածքում արջը հարձակվել է մարդու վրա։ Jnews-ն իր ընթերցողներին զգուշացնում է, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Կարծախ և Սուլդա գյուղերի տարածքում իբր հարձակված արջի լուսանկարներն ու տեսանյութը սկսել են շրջանառվել Ախալքալաքի բնակիչների շրջանում։ Կադրերում երևում է արյունոտ վնասվածքներով տղամարդ, ում հիվանդանոցում առաջին բուժօգնություն է ցուցաբերվում։ Նշենք, որ տեսանյութում հնչում է թուրքերեն խոսակցություն։

Jnews-ը պարզել է, որ սա չի վերաբերում Ջավախքին և, ամենայն հավանականությամբ, դեպքը տեղի է ունեցել Թուրքիայում։

Jnews-ի հետ հեռախոսազրույցում Ջավախքի Պահպանվող տարածքների գործակալության տնօրեն Թամազ Կարապետյանը նշել է, որ դեպքը չէր կարող տեղի ունենալ իրենց տարածքներում։

«Նման բան չկա, դա սուտ է: Սա չէր կարող տեղի ունենալ այնպես, որ մենք չիմանայինք: Մենք զանգել ենք ՆԳՆ, զանգահարել ենք Սուլդա գյուղի ներկայացուցչին, ասացին, որ նման բան չկա։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել Թուրքիայում»,- ասաց նա։

Jnews-ը կապ հաստատեց նաև Կարծախի գյուղապետի ներկայացուցիչ Գաբրիել Կարապետյանի հետ, ով ասաց, որ Կարծախ գյուղի տարածքում նման բան չի եղել։

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցից Jnews-ին հայտնեցին, որ արջի հարձակման ենթարկված պացիենտի չեն ընդունել։

Jnews-ն իր ընթերցողներին խնդրում է զգոն լինել և չվստահել չստուգված տեղեկատվությանը։