Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 7711-ի, որոնցից 170-ը մահացել են, ասվում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ինչպես նաև առաջին դեպքն է գրանցվել Տիբեթում: Սա երկրի վերջին «մաքուր» տարածաշրջանն էր:
Մեկ օր առաջ պաշտոնապես հաղորդվել էր 5974 վարակվածի և մահվան 132 դեպքի մասին:
Մեկ օրում հաստատվել է հիվանդության 1737 և մահացության 38 նոր դեպք (37-ը՝ Հուբեյի նահանգում, մեկը՝ Սիչուան նահանգ):
Հիվանդանոցներից նշված ժամանակահատվածում դուրս է գրվել 124 մարդ:
Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել են անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին՝ խիտ բնակեցված Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ): Մասնագետները պարզել են, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսային նոր տեսակն է` 2019-nCoV:
Բացի Չինաստանից, վարակի դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Կամբոջայում և Գերմանիայում:
Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ մեկից երկու մետր հեռավորության վրա, ինչպես նաև շփման միջոցով` կեղտոտ ձեռքերը դիպչելով աչքերին:
Հիմնական ախտանիշներն են չոր հազը, դժվար շնչելը, մինչև շնչառական անբավարարությունը, տենդը, թուլությունը: Երբեմն հիվանդությունը հեռանում է առանց թոքաբորբի, այն ուղեկցվում է միայն հազվագյուտ չոր հազով և ցածր ջերմաստիճանով, բայց նույնիսկ մեղմ ախտանիշներով մարդը կարող է վարակել ուրիշներին: