Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժիշկները նշում են, որ վերջին տարիներին իմունիզացիայի մակարդակի նվազումը լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ պատվաստումները մնում են, վտանգավոր վարակիչ հիվանդություններից և դրանց բարդություններից, երեխաներին պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը նշում է, որ պատվաստումը կարևոր դեր է խաղում երեխաների առողջության պահպանման գործում։
«Պատվաստումը վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ամենաարդյունավետ և գիտականորեն ապացուցված մեթոդներից մեկն է։ Ափսոս, որ այն այսօր կամավոր է։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է բարձրացնել հասարակության պատասխանատվության մակարդակը։ Մեր գլխավոր նպատակն է մեծացնել պատվաստումների ծածկույթը և ձևավորել կոլեկտիվ դիմադրողականություն՝ հասարակությունը վիրուսներից և վարակներից պաշտպանելու համար։ Պատվաստման շնորհիվ մարդկությունը կարողացավ հաղթահարել «ծաղիկ» հիվանդությունը։ Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր ծնող հասկանա իր անձնական պատասխանատվությունը հանուն սեփական երեխայի առողջությանը», — ասաց Ալեքսան Թորոյանը։
Մեկնաբանելով այն փաստը, որ պատվաստումները պարտադիր չեն մանկապարտեզ կամ դպրոց ընդունվելու համար, Ալեքսան Թորոյանը նշեց.
«Մենք հանդիպել ենք բոլոր դպրոցների տնօրենների հետ: Ես չգիտեմ՝ կա արդյոք որևէ հրաման, որն արգելում է, մանկապարտեզ կամ դպրոց ընդունվելիս, ծնողներից պահանջել երեխայի առողջության մասին տեղեկանք: Այս պրակտիկան միշտ եղել է և մնում է: Իմ կարծիքով, թե՛ ծնողները, թե՛ կրթական հաստատությունների ղեկավարները պետք է շահագրգռված լինեն երեխաների և աշակերտների անվտանգությունն ապահովելու հարցում: Հենց այդ պատճառով է անհրաժեշտ 100 -րդ ձևը: Հուսով եմ, որ մեր հասարակությունը կհասկանա և կգնահատի այս աշխատանքը, կվստահի մեզ, և միասին մենք կկարողանանք հաջողությամբ իրականացնել այս գործընթացները», — հավելում է նա:
Վրաստանում երեխաների պատվաստումը սկսվում է ծննդյան պահից և շարունակվում մինչև 14 տարեկանը: 2026 թվականին այն մնում է պետական առողջապահական ծրագրի հիմնական ուղղություններից մեկը: Սակայն, պատվաստումը պարտադիր պահանջ չէ դպրոց և մանկապարտեզ ընդունվելու համար։
Համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը ընդգծում է, որ պատվաստումը նպաստում է վարակիչ հիվանդությունների տարածման և դրանց հետևանքների նվազեցմանը։
«Պատվաստումը նպաստում է վարակիչ հիվանդությունների դեպքերի, բարդությունների ռիսկի և երեխայի բուժման ծախսերի նվազեցմանը, եթե վերջինս հիվանդանա: Ավելին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, պատվաստումն ամեն տարի փրկում է հարյուր հազարավոր երեխաների կյանք և նպաստում է մահացության նվազեցմանը», — ասում է Գայանե Ֆիդանյանը։
Համաճարակաբանի խոսքով, վերջին տարիներին պատվաստվող երեխաների թիվը նվազել է: Շատ ծնողներ, տարբեր պատճառներով, հրաժարվում են պատվաստել իրենց երեխաներին: Նա չի բացառում, որ մեղքի մի մասը կրում են առողջապահության ոլորտի աշխատողները, ովքեր ակտիվորեն չեն զբաղվում հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմամբ։
«Շատ ծնողներ հակված են ավելի շատ վստահել ինտերնետից ստացված տեղեկատվությանը, որը միշտ չէ, որ ճշգրիտ է, քան մասնագետների առաջարկություններին։ Սա հանգեցրել է իրենց երեխաներին պատվաստել ցանկացող ծնողների թվի նվազմանը», — նշում է նա։
Գայանե Ֆիդանյանը նաև ընդգծում է, որ ժամանակակից պատվաստանյութերը զգալիորեն ավելի անվտանգ և արդյունավետ են, քան նախկինում էին, և լուրջ կողմնակի ազդեցությունների ռիսկը մնում է չափազանց ցածր։
Մանկաբույժ Մարինա Գրիգորյանը, որն ունի երեխաների հետ աշխատելու ավելի քան 40 տարվա փորձ, նշում է, որ մոտ 20 տարի առաջ Ախալքալաքում պատվաստումների ցուցանիշը համարյա իդեալական էր։
«Այն ժամանակ գյուղերում պատվաստումների ցուցանիշը ցածր էր, քան քաղաքում, բայց հիմա իրավիճակը փոխվել է։ Այսօր, պատվաստվողների քանակը գյուղերում ավելի շատ է, քան քաղաքում», — ասում է բժիշկը։
Նրա կարծիքով, պատվաստումների նկատմամբ ծնողների վերաբերմունքի վրա ազդել է հակասական տեղեկատվության մեծ քանակը։
«Մեր բնակչությունը մեծ վստահություն ունի հեռուստատեսության նկատմամբ, և Խորհրդային Միության փլուզումից հետո հեռուստատեսությամբ հայտնվեցին պատվաստումների վերաբերյալ բազմաթիվ հակասական տեղեկություններ: Արդյունքում, շատ ծնողներ սկսեցին հրաժարվել պատվաստումներից: Մենք չենք կարող որևէ մեկին ստիպել պատվաստել իր երեխաին: Մանկապարտեզներն ու դպրոցներն ընդունում են չպատվաստված երեխաների: Մենք չենք կարող վերահսկել կրթական հաստատությունները, քանի որ չունենք անհրաժեշտ լիազորություններ: Մինչդեռ պատվաստումը բժշկության ամենակարևոր նվաճումներից մեկն է, որն օգնում է կանխել համաճարակները, ծանր բարդությունները և մահերը: Պատվաստումից հետո կողմնակի ազդեցությունների ռիսկը նվազագույնի է հասնում», — բացատրում է մանկաբույժը:
Մարինա Գրիգորյանը նշում է, որ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժիշկները պատասխանատու են պատվաստումների համար և խստորեն հետևում են բոլոր անհրաժեշտ պահանջներին:
«Մենք ոչինչ չենք հարկադրում, բոլոր ընթացակարգերը կատարվում են միայն ծնողների համաձայնությամբ և ստորագրությամբ: Մեր հիվանդանոցում օգտագործվող բոլոր պատվաստանյութերը մեկ դեղաչափով են և բարձրորակ», — հավելում է նա:




