նորություններ 10 Հունիսի, 2026 • Ախալքալաքի հիվանդանոցում երեխաների արյան մեջ կապարի առկայությունն են ստուգում

Վերջին շրջանում 5-6 տարեկան երեխաների ծնողներին զանգում են Ախալքալաքի հիվանդանոցից և երեխաներին հրավիրում հիվանդանոց, որպեսզի անալիզ հանձնեն  արյան մեջ կապարի մակարդակն ստուգելու համար։ Այս ստուգումն անցկացվում է պետական անվճար ծրագրի շրջանակներում: Ախալքալաքում ամեն ամիս ստուգման են ենթակա 41 երեխա, ստուգումն անցկացվում է արդեն երկրորդ ամիսը:Jnews-ը զրույց ունեցավ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մանկաբույժ Մարիաննա Համբարձումյանի հետ։

«Հիվանդությունների վերահսկման կենտրոնից մեզ գալիս են կոնկրետ ցուցակներ, ըստ որոնց էլ մենք կանչում ենք երեխաներին կապարի մակարդակի ստուգման անալիզ հանձնելու համար։ Արյունը վերցնում ենք երեխայի մատիկից, ինչը բացարձակ անցավ է», — ասում է մանկաբույժը։

Այն հարցին, թե ինչու հենց 5-6 տարեկան երեխաներին, բժշկուհին պատասխանեց, որ այդ տարիքի երեխաների մոտ է արտահայտվում կապարի մակարդակի բարձրացում։

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք հայտնաբերվել են կապարով թունավորման  դեպքեր, թե սա պրոֆիլակտիկ հետազոտություն է, բժշկուհին պատասխանեց․

«Մեզ չեն զգուշացրել ինչ-որ խնդիրների մասին, ամենայն հավանականությամբ պրոֆիլակտիկ ստուգումներ են, սակայն,  ցավով պետք է նշեմ, որ զանգահարել ենք 41 երեխայի ծնողի, որոնցից անալիզ հանձնելու են եկել ընդամենը 9-ը։ Ինը երեխաների անալիզների պատասխաններն արդեն եկել են, բոլորը մաքուր են»։

Կապարը թունավոր է և վտանգավոր նրանով, որ, անցնելով օրգանիզմ, ոչ թե քայքայվում է, այլ` կուտակվում։ Այն կարող է ժամանակ առ ժամանակ թափանցել արյան մեջ ու առաջ բերել կապարային հիվանդություններ։ Կապարի ազդեցության նկատմամբ առավել զգայուն է նախադպրոցական տարիքի երեխաների օրգանիզմը, քանի որ նրանց նյարդային համակարգը գտնվում է ձևավորման փուլում:

Երեխաների առողջության վրա կապարի ազդեցության հիմնական ցուցանիշն արյան մեջ դրա քանակն է, ընդ որում, մշտապես վերանայվում է արյան մեջ կապարի նորմատիվային պարունակությունը: Մի շարք խոշոր ծրագրերի արդյունքներով հաստատվել է, որ երեխայի արյան մեջ կապարի խտությունը, եթե հասնում է  10-ից մինչև 20 մկգ/դլ, նվազում է մտավոր զարգացման գործակիցը (IQ):

Կապարային թունավորումն առաջացնում է ագրեսիվություն, թերզարգացվածություն, ցրվածություն, գերակտիվություն, վարքագծի փոփոխություններ, լսողության նվազեցում: Բարձր չափաքանակներով թունավորումն առաջացնում է մտավոր հետամնացություն, թմբիր (կոմա), ցնցումներ և նույնիսկ՝ մահ: Մեծահասակների առողջության վրա կապարի վնասակար հետևանքներից են արյան ճնշման բարձրացումը, նյարդային և վերարտադրողական համակարգերի, լյարդի և երիկամների գործառույթների խանգարումները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝