Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը 70 նոր աղբաման ունի, որոնք դեռ չեն օգտագործվում, քանի որ բավարար քանակի աղբահան մեքենա չունեն: 2020 թվականի բյուջեում մեքենայի ձեռքբերման համար գումար չի նախատեսված, սակայն Կենտրոնում հույս ունեն, որ կունենան երկու նոր աղբահան մեքենա։

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրենն ասում է, որ իրենք բանավոր համաձայնություն ունեն քաղաքապետի հետ, որ 2020 թվականին Սպասարկման կենտրոնը կունենա երկու նոր աղբահան մեքենա։

«Մինչև մեր սերվիս կազմակերպության ստեղծումը ունեցել են 100 հատ աղբաման, որոնք սպասարկվում էին մերսեդես մակնիշի աղբահան մեքենաներով, այդ աղբարկղերը երկաթից էին։ Ունեին նաև 50 հատ սովետական մեքենայի համար, էլի երկաթյա աղբամաններ։ 100 աղբամանը մաքրվում էր մեր երեք մերսեդես մեքենաներով իսկ 50-ը՝ մեկ սովետական գազ 53 մակնիշի մեքենայով։ Այնուհետև, 2018 թվականի վերջերին ստացանք 200 նոր պլաստմասե աղբաման, 1/1 կուբամետրանոց, մերսեդեսների համար, որից 170 հատ տեղադրեցինք։ Այսինքն՝ եղավ, որ աղբամանների քանակը ավելացավ և մեքենաները 100 հատի փոխարեն ավելի շատ մեքենա են սպասարկում», – ասաց Արմեն Բիչախչյանը։

2019 թվականին քաղաքապետարնը տենդեր-մրցույթ է հայտարարել, որի արդյունքում էլ 48 հատ 0,5 մետր խորանարդ տարողությամբ աղբարկղեր է ավելացել։

Ինչ վերաբերում է հին՝ սովետական մեքենային, այն կարող է սպասարկել ընդամենը 50 աղբարկղ։ Քանի որ մերսեդես մակնիշի մեքենաները նախատեսված են ասֆալտապատ ճանապարհների համար, սովետական մեքենայով մաքրում են այն գյուղերի աղբամանները, որոնք ասֆալտապատված չեն։ Այդ գուղերն են՝ Կորխ, Թոթխամ, Մաջադիա և Մուրջախեթ։

Արմեն Բիչախչյանը նշեց, որ անձամբ ինքը հետաքրքրվել է մազ մակնիշի մեքենաներով, որոնցից երկու հատ էլ ուզում են ձեռք բերել։ Քաղաքապետի հետ բանավոր պայմանավորվածության արդյունքում որոշել են, որ մի մեքենայի համար 150 000 լարի հատկացնեն և երկու մեքենա ձեռք բերեն։ Որոշել են նաև, որ մեքենաներից մեկը կաշխատի քաղաքում, իսկ մյուսը նախատեսել են գյուղերի համար։

«Ես քաղաքապետին ներկայացրի, քանի որ արդեն մեր կենտրոնի գործը շատ է ծանրաբեռնված։ Օրինակ, քաղաքում մեր մեքենաները երկրորդ անգամ են աղբը հանում։ Ամեն մեքենային հասնում էր 33 աղբաման, հիմա արդեն մոտավոր 60 աղբարկղ են սպասարկում այն էլ երկու անգամ», – ավելացրեց Արմեն Բիչախչյանը։

Ինչպես նշեց Սպասարկման կենտրոնի տնօրենը, ներկա դրությամբ ոչ միայն մեքենաներն են խնդիր, այլ նաև արդեն դժգոհություն են հայտնում աշխատակիցները, քանի որ ավելի շատ աշխատանք են կատարում և ստանում են նույն աշխատավարձը։

2020 թվականի բյուջեում մեքենաների համար հատկացված գումար չկա, սակայն քաղաքապետի խոսքերով, դա չի նշանակում, որ մեքենաներ ձեռք չեն բերվելու:

«Եթե մեզ տան աղբահան մեքենաներ, ապա դա պետք է լինի վարկի ձևակերպմամբ։ Այն մեքենաները, որոնք հիմա ունենք, դրանց համար մենք միչև հիմա վճարում ենք կատարում, տարեցտարի վճարում ենք, միանգամից վճարել ու գնել չենք կարող։ Մեզ խոստացել են, որ հենց ստանան նոր մեքենաներ, ըստ պայմանագրի վարկի ձևով կտան։ Պետք է ունենանք մեքենան ձեռք բերելու պայմանագիրը, որ հետո որոշենք, տարեկան ինչքան պետք է վճարենք, օրինակ 5 կամ 6 տարվա ընթացքում։ Խոստացել են, որ կլինի, սակայն մենք դեռ ոչ պայմանագիր ունենք, ոչ էլ գումար ենք հատկացրել», – ասաց Յուրիկ Ունանյանը։

Գայանե Ակոջյան