Ապրիլի 2-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը: Ծաղկազարդ՝ գարնան զարթոնքն ազդարարող այս տոնը մեծ շուքով և խանդավառությամբ նշեցին Ջավախքում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները:

Mane

Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի ձեռամբ Սուրբ Խաչ Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ և օրհնվեցին ուռենու ոստերը, որոնք բաժանվեցին ժողովրդին:

Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Քրիստոսի Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մաթ. 21:9):

Xach

Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին:

Օրհնված ուռենու ոստերը քրիստոնյաները պահպանում են ողջ տարին՝ մինչև մյուս Ծաղկազարդ: Այս տոնն իրականում ունի նախաքրիստոնեական արմատներ և նվիրված է եղել գարնան զարթոնքին, հարություն առնող բնությանը: Տոնը հայտնի է նաև որպես Ծառզարդար, որը դարձյալ գարնան գալն է խորհրդանշում: Հնում հայերը ծաղկազարդին զարդարում էին իրենց տները, բակերը ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով, և պահում էին դրանք փոթորկից, բքից պաշտպանվելու համար, հետո այրում էին և մոխիրը շաղ տալիս քամուն՝ փորձանքից զերծ մնալու նպատակով:
Caxkazard

Ժողովուրդն օրհնված ճյուղերում տեսնում էր խորհրդավոր ուժ, որի օգնությամբ կարող էր դիմակայել բնության արհավիրքներին: Հնում եկեղեցիներին մոտ գտնվող ծառերը գունավոր ժապավեններով զարդարելու և ճյուղերին մրգեր կախելու սովորույթ է եղել, որը պտղաբերության գաղափարի հետ է կապվել: Ծաղկազարդը երիտասարդների տոն է: Այդ մասին են վկայում կատարվող ծեսերը: Այդ օրը տղաները և աղջիկները հագնում են իրենց գեղեցիկ զգեստները: Երիտասարդ տղաներն ուռենու ճյուղերը զարդարում էին գունավոր կտորներով, որ այն տանեն իրենց սիրելիին:

Մինչ օրս պահպանված ավանդույթի համաձայն Ջավախքում երիտասարդ տղաները գիշերը գնում են եկեղեցի, և նա, ով առաջինն է հասնում, հնչեցնում է զանգը: Իսկ, ով առաջինն էր հասնում զանգին, տարին իրենն էր համարվում: