Մոտենում են տոները, իսկ դա նշանակում է շուտով դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում ամանորյա հանդեսներ են լինելու: Ախալքալաքում ամանորյա մեծ ծախսերը կապված են ոչ միայն սեղանի ճոխության հետ, այլ նաև հանդեսների։
Ախալքալաքում և գյուղերում ընդունված է ամեն արարողություն նշել մեծ սեղանի շուրջ։ Ամանորյա հանդեսներին հետևում են մեծ ծախսեր, ինչպիսիք են դաստիարակների նվերները, հանդեսների համար մուլտֆիլմերի հերոսների վարձակալված շորերը, տոնական ձևավորում և իհարկե ճոխ խնջույք: Յուրաքանչյուր արարողություն ենթադրում է հավելյալ ծախս:
Վաճառողները, ովքեր վարձակալությամբ շորեր են տալիս, համարում են, որ գները շատ հարմար են, քանզի ոչ ոք չի դժգոհում:
«Մենք վարձակալությամբ տարբեր հերոսների հագուստ ենք տալիս 5-15 լարիի սահմաններում, և եթե թանկ լինի, ժողովուրդը միանգամից 15 լարիանոցը չի վերցնի։ Մեր ժողովուրդը միանգամից ամենաթանկն է վերցնում»,- ասում է վաձակալությամբ հագուստ տրամադրողներից մեկը:
Իսկ ծնողների կարծիքները տարբեր են: «Այս ավանդույթերը ոչ մենք ենք մտցրել, ոչ էլ մենք պետք է վերջացնենք։ Տարին մեկ անգամ նշում ենք, սա էլ իր իմաստն ու ուրախությունն է բերում երեխաներին։ Դպրոցում և մանկապարտեզում տարբեր չափի ենք գումար հավաքում: Դպրոցում ուսուցչուհուն նվերը, երեխայի նվերը, հանդեսը երաժշտությունով ապահովելը 25 լարի է, իսկ 10 լարիով շորեր ենք վերցնում վարձով։ Իհարկե, ըստ մեր ցանկությամբ էլ գումար ենք հավաքում վիդեո-տեսագրության համար»,- ասաց ծնողներից մեկը։
Յուրաքանչյուր երեխայի հանդեսի համար, միջին վիճակագրական տվյալներով ծախսում է 50-70 լարի:
«Ովքեր, որ շատ երեխաներ ունեն, իհարկե այդ ծնողների համար շատ դժվար է, բոլորին առանձին-առանձին փող ենք հատկացնում։ Մեկի համար դպրոցում, մյուսների համար մանկապարտեզում։ Դժվար է իհարկե, բայց չենք կարող ուրիշներից տարբերվել կամ հետ մնալ»,- ասաց Աննան, ով երեք երեխաների մայր է։
Մանկապարտզի ծախսերը համեմատաբար ավելի քիչ են։ Օրինակ. երեխայի ամանորյա պարկը ղեկավարությունն է տալիս։ Իսկ ծնողներն ըմբռնումով են մոտենում։ Օրինակ. եթե նույն դասարանում են սովորում մի ընտանիքի երկու երեխա, ապա նրանցից մեկի համար են փող վերցնում։
Իսկ ինչ վերաբերում է միջոցառումից հետո քեֆ ուրախությանը, ապա դա ոչ միայն երեխաների համար է ուրախության առիթ, այլ նաև ծնողների՝ օրվա թոհ ու բոհից լիզքաթափվելու համար:
Գայանե Ակոջյան