Վրաստանում ապրիլի 14-ին նշում են մայրենի լեզվի օրը: Ըստ տարբեր աղբյուրների տեղեկությունների՝ վրացերենով է խոսում մոտ 5 միլիոն մարդ: Վրաստանում մայրենի լեզվի օրը նշում են նաև նրանք, ում համար վրացերենը համարվում է երկրորդ մայրենի լեզու: Խոսքը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մասին է, ովքեր մեծ ջանք են ներդնում սովորելու համար պետական լեզուն:

JNEWS-ը զրուցել է ազգությամբ հայ երիտասարդների հետ, ովքեր սկսել են սովորել վրացերեն, այն համարելով վրացական հասարակությունում ինտեգրվելու ամենակարճ և արդյունավետ միջոցը:

Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի Տաթև Վարտիկյանը սովորում է նախապատրաստական կուրսում: Նա Ախալքալաքի շրջանի Բոզալի գյուղից է և հենց դպրոցից է սկսել սովորել վրացերեն:

«Մինչև համալսարան ընդունվելս որոշ չափով հասկանում էի վրացերեն, սակայն չէի կարողանում խոսել և արտահայտվել: Ինչն ինձ խանգարում էր շրջանից դուրս, այլ վայրում վրացիների հետ շփվելու և հասարակության լիարժեք անդամ զգալու մեջ: Հիմա արդեն Թբիլիսիում եմ ապրում և ամեն օր հաղորդակցվում եմ վրացերենով, որն ինձ օգնում է լեզվի իմացության մակարդակս բարելավվելուն»:

Տաթևը համոզված է, որ յուրաքանչյուր մարդ, ով ապրում է Վրաստանում և իրեն համարում է այս երկրի քաղաքացի, ապա պետք է սովորի պետական լեզուն՝ իր իսկ շահերից ելնելով:

Լարիսա Արոյանը համակարծիք է Տաթևի հետ: Նա Արագվա գյուղից է, սովորում է նախապատրաստական կուրսում: Վրացերենի հանդեպ սերը նրան ստիպել է հենց Թբիլիսիում բարձրագույն կրթություն ստանալ:

«Իհարկե, ինչպես ցանկացած օտար լեզու, վրացերեն սովորելը ևս պայմանավորված է եղել բազում դժվարություններով: Շատ էի կարդում և պարապում, բայց քանի որ չունեի շփում, ամաչում էի իմացած բառերս օգտագործել և դա բարդացնում էր գործը: Բայց ժամանակի ընթացքում սկսեցի ազատվել կոմպլեքսներից ու առանց վախենալու խոսել»:

Լարիսան ասում է՝ ցանկացած երկրում ազատ և հավասար ապրելու ամենակարևոր նախապայմանը լեզվին տիրապետելն է:

Ի տարբերություն նախապատրաստական կուրում սովորող ուսանողուհիների, ովքեր դեռ չհաղթահարված խնդիրներ ունեն, Մինա Շիրինյանն այն ուսանողներից է, ում համար լեզվի հետ կապված խնդիրներն անցյալում են մնացել: Նա ԹՊՀ-ի անգլերենի 4-րդ կուրսի ուսանողուհի է: Ժպիտով է հիշում այն բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել է և հիմա հասել է այն մակարդակին, երբ առանց որևէ բարդույթի, ազատ հաղորդակցվում է վրացերենով:

«Դժվարություններ միշտ էլ լինում են, հատկապես ինչ-որ նոր բան սովորելու ժամանակ, ես նույնպես անցել եմ այդ ճանապարհով և խորհուրդ եմ տալիս չվախենալ: Բարդ է հատկապես տերմինաբանութլունն ընկալել, խոսակցականից զատ ակադեմիական նյութերում օգտագործվող բարդ բառերը: Բայց ժամանակի հետ սովորական բան է դառնում և, երբ հետ ես նայում ծիծաղելի է թվում այն ամենն ինչը մի ժամանակ անհաղթահարելի էր թվում: Կարևորը գիտակցումն է, որ վրացերենի իմացությամբ շատ ճանապարհներ են բացվում հատկապես էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներիս համար»:

Սամցխե-Ջավախեթիի պետական ​​համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Ժաննա Խաչատուրյանը նշում է, որ պետական ​​լեզվի իմացության խնդիրը խոչընդոտում է էթնիկ փոքրամասնությունների սոցիալական և քաղաքական ինտեգրմանը: Սակայն, եթե համեմատենք այսօրվա իրավիճակը 10-15 տարի առաջվա հետ, իհարկե, այն դրական է փոխվել, բայց՝ ոչ բավարար։

«Հատկապես մեր տարածաշրջանի համար այս թեման, ցավոք, դեռևս մնում է ակտուալ: Լեզվի իմացության հետ կապված խնդիրներն ավելի շատ է նկատվում են հատկապես գյուղերում, որը պայմանավորված է մի շարք խնդիրներով՝ ոչ կվալիֆիկացված մասնագետների, դպրոցներում սահմանափակ ռեսուրսների և այլ հանգամանքների հետ: Սակայն պրոգրես ունենք, տարեց տարի ավելանում է այն երիտասարդների թիվը, ովքեր մնում են Վրաստանում և ընդունվում վրացական ԲՈՒՀ-եր, ինչը շատ ոգևորող է»:

Ժաննա Խաչատուրյանը կարծում է, որ մարդիկ սկսել են հասկանալ, որ պետական լեզվին չտիրապետելը նրանց առանձնացնում է հասարակությունից:

«Վրացերեն չիմանալով մարդիկ զրկվում են շատ ինֆորմացիոն աղբյուրներից, կոնտակտ չեն ունենում կենտրոնի հետ, պետական շատ ծառայութուններից օգտվելու բարդույթներ են ունենում: Կարծում եմ, որ դրանցից զերծ մնալու ցանկությունն է, որ շատերին մոտիվացնում է սովորել լեզուն: Երիտասարդները գիտակցում են, որ այստեղ աշխատելու, մասնագիտական գիտելիքները կիրառելու համար պարտադիր պայման է լեզուն»:

Ժաննա Խաչատուրյանի համոզմամբ՝ այն երկրում, որտեղ մարդն ապրում է, պետական լեզվի չիմացությամբ ապրելն ու ռեալիզացվելը որպես ակտիվ ու ներգրավված քաղաքացի պարզապես անհնարին է, և այս մտքի գիտակցումն է օգնում շատերին սովորել վրացերեն լեզուն: