Այն բանից հետո, երբ քաղաքում Աղմաշենեբելիի փողոցի հատվածը վերանորոգվեց, թիվ 4 դպրոցի հարևանությամբ հաճախակիացան ՃՏՊ–ները և հետիոտնային վրաերթները: Այս դպրոցի սաների ծնողները մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ: Նրանք պահանջում են, որ ձեռնարկվեն որոշակի միջոցներ՝ դպրոցի մոտակայքում երեխաների անվտանգ տեղաշարժման համար:
Ախալքալաքի թիվ 4 դպրոցը գտնվում է Աղմաշենեբելիի փողոցում՝ Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու վրա: Դպրոցի մուտքից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվում է լուսացույցը և հետիոտնային անցումը: Սակայն դասամիջոցներին խանութ շտապող երեխաները մինչև լուսացույց չեն հասնում՝ փողոցը հատելու համար: Եվ փաստ չէ, որ բոլոր մեքենաները կանգ կառնեն կարմիր լույսի տակ:
«Կարծում եմ, որ պետք է ինչ-որ բան մտածել, գոնե ժամանակավորապես փակել դեպի կենտրոնական փողոց ելքը, ես վախենում եմ իմ և բոլոր երեխաների համար: Դասամիջոցի ժամանակ Դուք տեսաք երեխաների հոսքը, ովքեր վազում էին փողոցով՝ խանութ գնալու համար: Թող երեխաները դուրս գան ետնամուտքից՝ մինչև կապահովեն Աղմաշենեբելի փողոցում անվտանգ երթևեկությունը», – ասում է թիվ 4 դպրոցի երկու աշխակերտի մայրը՝ Աղունիկ Ունանյանը:
Նոյեմբերի 26-ին, անմիջապես թիվ 4 դպրոցի դիմաց, հետիոտնը վրաերթի ենթարկվեց, 37-ամյա մի կին տեղափոխվել էր տեղի հիվանդանոց, այնուհետև բազմակի կոտրվածքներով՝ Թբիլիսիի հիվանդանոց: Թիվ 4 դպրոցում գտնվող երկրորդ հերթափոխի աշխակերտները դժբախտ պատահարի աղմուկը լսել էին և շատերը վախեցել:
Այս դեպքից հետո աշակերտների ծնողները խիստ անհանգստացած են իրենց երեխաների անվտանգությամբ:
«Ես, ընդհանրապես, կարծում եմ, որ մենք չպետք է հոգ տանենք և մտածենք այն մասին, թե ինչպես ապահովենք դպրոցի մոտակայքում երեխաների անվտանգ տեղաշարժը: Այնտեղ, որտեղ գտնվում է դպրոց, բոլոր քաղաքակիրթ վայրերում կան ճանապարհային նշաններ, ցուցանակներ, նախազգուշացումներ, արհեստական խոչընդոտներ: Այս պատահարից հետո պատկան մարմինները պետք է անհապաղ տեղադրեին «պառկած ոստիկաններ»», – ասում է թիվ 4 դպրոցում սովորող երկու աշակերտի մայրը:
Երեք օր առաջ, նոյեմբերի 26-ին և 27-ին, այս վայրում տեղի է ունեցել երկու ՃՏՊ: Մեկը՝ վրաերթի էր ենթարկվել հետիոտնը, իսկ մյուսը՝ երկու թեթև մարդատար ավտոմեքենաներ էին իրար բախվել, ինչի արդյունքում ոչ ոք չէր տուժել:
«Այս հատվածով երթևեկությունը միշտ անհանգստացնում էր ինձ, պարզապես առաջ՝ մինչ փողոցի վերանորոգումը, այստեղ ամեն ինչ այնքան քանդուքարափ վիճակում էր և փոսերը շատ էին, որ վարորդները ստիպված էին դանդաղ վարել, որպեսզի իրենց մեքենաները չփչանան: Իսկ հիմա, երբ մայրուղին դարձել է ընդհարձակ, փափուկ և ուղիղ և առանց որևէ ճանապարհային նշանների ու սահմանափակումների՝ վարորդներն արագ են վարում: Թվում է, որ առաջխաղացում կա, բայց ինչ-որ մի բան մեզ՝ ծնողներիս շատ է անհանգստացնում», – ասում է տվյալ դպրոցի երկու աշակերտի ծնողը:
Վերանորոգման պայմանագրի պայմանների համաձայն, նշագծումը, ճանապարհային նշանների տեղադրումը և արհեստական արգելքները նույնպես շինարարական աշխատակիցներն իրականացնող ընկերության պատասխանատվության ներքո է, բայց ընկերությունը կարող է իրականացնել այս աշխատանքները վերականգնումից հետո: Դատելով այն փաստից, որ ճանապարհի այս հատվածը 16 կմ երկարությամբ Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի ընդամենը մի փոքրիկ մասն է, որի վերականգնումը կավարտվի մինչև հաջորդ տարվա վերջ, ընկերությունը կարող է այդ աշխատանքներն իրականացնել մինչ հաջորդ տարվա ավարտ:
Մենք մեր հաջորդ նյութերում կփորձենք պարզել՝ հաշվի կառնվի արդյո՞ք երեխաների անվտանգ երթևեկույթան իրավունքների ապահովումը մինչև ընդհանուր ճանապարհի վերականգնման ավարտը: