Այսուհետ ազարտային խաղեր խաղացողների ընտանիքի անդամներին իրավունք կվերապահվի դատարան դիմել և պահանջել իրենց ընտանիքի անդամներին արգելել խաղալ։
Այս փոփոխության վերաբերյալ ասվում է՝ «Վիճակախաղերի, ազարտային խաղերի և շահույթային խաղերի կազմակերպման վերաբերյալ» օրենքի փոփոխությունների փաթեթում: Սույն օրենքի նախագծի հեղինակն է խորհրդարանի պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլին։
Օրենսդրական փաթեթն առաջարկում է մի շարք փոփոխություններ: Օրենքում նախատեսվում է խաղացողների բարեկամներին իրավունք տալ՝ դատարանում բողոքարկել և պահանջել, որպեսզի արգելեն իրենց հարազատին ազարտային խաղեր խաղալ։
Օրինագծի հեղինակը օրենքի փոփոխության նպատակն ու արդյունքը գնահատում է հետևյալ կերպ. Ազարտային և շահույթային խաղերում՝ անչափահասների ներգրավվածության, սոցիալական ֆոնի վատթարացման և փողերի լվացման հետ կապված ռիսկերի նվազեցում:
Հարկ է նշել, որ 2018 թվականին Վրաստանում ամենաբարձր շրջանառություն ունեցող 10 ընկերություններից 5-ը խաղային բիզնեսն է եղել։ Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դրամախաղերը Վրաստանի ամենաշահութաբեր բիզնեսներից մեկն է և այդ տեսակ բիզնեսների շրջանառությունը տարեց տարի աճում է: 2018 թ․-ին խաղային բիզնեսի շրջանառությունն աճել է 128 %-ով։ Եթե այդ ոլորտի շրջանառությունը շուկայում 2017 թվականին կազմել է 6,050 միլիարդ լարի, ապա 2018 թվականին այդ ցուցանիշը աճել է, դառնալով՝ 13 806 միլիարդ լարի: