Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասել է` եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդունի այս օրենքի նախագիծը, ապա դա կխաթարի հասարակության ճշգրիտ տեղեկություն ստանալու հնարավորությունը, քանի որ առանց դրա էլ հասարակությունը ստանում է միայն քաղաքականացված տեղեկութուններ:
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրեն հարմար տեղեկություն է մատուցում: Իսկ այս օրինագծի ընդունումից հետո հասարակությունը կզրկվի վերլուծական, բազմակողմանի մատուցված ինֆորմացիայից, ինչը վատ կանդրադառնա նրանց մտահորիզոնի վրա»,- նկատել է կոնֆլիկտաբանը:
Զաքարեիշվիլիի ընդգծմամբ` հասարակության համար միակ հավաստի ու վերլուծական տեղեկություն մատուցողները վերլուծաբաններն են, անկախ մեդիաներն ու ինչ-որ տեղ նաև հասարակական կազմակերպությունները, իսկ վերոնշյալ օրենքի նախագծով սահմանափակվում է նրանց գործուներությունը, ինչը, բնականաբար, վատ հետևանք կունենա: Նրա խոսքով, այս օրինագծի նպատակը հասարակությանը զրկելն է իրական տեղեկատվություն ստանալուց:
«Հասարակության համար կստեղծվի տեղեկատվության դեֆիցիտ, ինչն էլ կհանգեցնի ժողովրդավարական արժեքների տարածման խոչընդոտմանը»,- ասել է Զաքարեիշվիլին՝ հավելելով, որ այդ օրինագիծը ներկայացվել է հասարակության ռեակցիան ստուգելու նպատակով. եթե արձագանքը բացասական լինի, ապա «Վրացական երազանքը» կմերժի, իսկ հակառակի դեպքում` կընդունի անկասկած: