Ախալքալաքից Թբիլիսի ուղղությամբ երթևեկող հասարակական տրանսպորտը թանկացել է, իսկ հակառակ ուղղությամբ՝ ոչ։
Վերջերս հասարակական տրանսպորտից օգտվողները զարմացած նշում են, որ Ախալքալաք-Թբիլիսի տրանսպորտը թանկացել է, իսկ հակառակ ուղղությամբ՝ ոչ։
«Ախալքալաքից գնացի Թբիլիսի վճարեցի 17 լարի, իսկ հետ վերադառնալուց վճարեցի 15 լարի», – ասաց հասարակական տրանսպորտից օգտվողներից մեկը։
Ախալքալաք-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ հասարակական տրանսպորտի արժեքը տարիներ շարունակ 15 լարի է եղել։ Մինչև 2012 թվականի առաջի եռամսյակը տրանսպորտը արժեր 17 լարի, այնուհետև դարձավ 15 լարի, սակայն հիմա էլի թանկացավ և նորից եղավ 17 լարի։
Այս երթուղային տրանսպորտի վարորդներից մեկը նշում է, որ այս տեսակ փոփոխությունն անհասկանալի է։
«Երկու օր առաջ գնացի 17 լարիով, այսօր գնացի 15-ով, չեմ հասկանում ինչ է կատարվում։ Վերջնական գին չեն սահմանում», – ասաց վարորդներից մեկը։
Ինչի՞ հետ է կապված այս տեսակ տարօրինակ փոփոխությունը, փորձեցինք ճշտել Դիդուբեյի հասարակական տրանսպորտի ընկերություններից մեկից՝ Օկրիբայից։ Այնտեղից մեզ պատասխանեցին հետևյալը. «Այո, թանկացել է ոչ միայն Ախալքալաք-Թբիլիսի, այլ բոլոր ուղղություններով, օրինակ՝ Քութաիսի-Թբիլիսին 10 լարի էր, հիմա 12 է դարձել», – ասացին Օկրիբայից։
Իսկ հարցին թե ինչու՞ է թանկացել մի ուղղությունով, մեզ հետևյալ «զվարճալի» պատասխանը տվեցին։
«Քանի որ վառելանյութը թանկացել է, թանկացավ նաև տրանսպորտը, Օկրիբայի տնօրենը մինչ երկրից դուրս գալը հասցրել է ստորագրել մի ուղղության թանկացման փաստաթուղթը, սպասում ենք վերադառնա և Թբիլիսի ուղղության թանկացումն էլ ստորագրի», – հավելեցին Օկրիբայից։
Նինոծմինդայից հասարակական տրանսպորտը նախկինում 13 լարի արժեր, հիմա թանկացել է դառնալով՝ 15։
«Նակինում ավելի էժան էր, քանի որ վառելանյութը նույնպես էժան էր, հիմա վառելանյութը եղել է 2․65 լարի, այդ իսկ պատճառով էլ թանկացավ», – ասաց Նինոծմինդա-Թբիլիսի հասարակական տրանսպորտի վարորդներից մեկը։
Նինոծմինդայի դեպքում տրանսպորտը թանկացել է երկու կողմից էլ։ Նինոծմինդա տրանսպորտը կայանում է Սամգորիում։
Հետաքրքիրն այն է, եթե Ախալքալաքից գնանք Ախալցիխե և այնտեղից գնանաք Թբիլիսի ավելի էժան կլինի, քան միանգամից ուղիղ Ախալքալաք-Թբիլիսի։ Ախալքալաք-Ախալցիխե երթուղայինի տոմսի արժեքը 6 լարի է, իսկ Ախալցիխե-Թբիլիսին՝ 10, այնինչ Ախալքալաք-Թբիլիսին արդեն 17 լարի է:
Գայանե Ակոջյան