Ախալքալաքում, Աղմաշենեբելիի փողոցում, արդեն տեղադրվում են եզրաքարերը: Ինչպես խոստանում են պատասխանատուները, քաղաքի գլխավոր փողոցի ասֆալտապատումը կավարտվի մինչև ամսվա վերջ:
Արդեն չորրորդ ամիսն է, ինչ ընթանում է Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի վերականգնումը, որի արդյունքում կենտրոնական ճանապարհի երկայնքով երթևեկությունը սահմանափակ է: Այս փուլում Աղմաշենեբելի փողոցում տեղադրվում են եզրաքարերը:
Ըստ «ՋավախԱվտոԳզա» ընկերության աշխատակիցների, որոնք իրականացնում են վերականգնողական աշխատանքները, հիմնական աշխատանքներն արդեն արվել են, մնում է ասֆալտապատել միայն Ախալքալաքում գտնվող հատվածը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն Jnews-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ախալքալաքում ասֆալտապատումը կավարտեն մինչև հոկտեմբերի վերջ, եթե եղանակը չխանգարի:
Ըստ ընկերության աշխատակիցների՝ ներկայումս մի քանի բրիգադ աշխատանքներ է տանում՝ հնարավորինս շուտ ավարտելու եզրաքարերի տեղադրումը:
«Այս պահին եզրաքարերի տեղադրումն ավարտելու համար ընդհանուր առմամբ մնացել է մոտ 1,5 կմ, որից հետո կսկսվի ասֆալտապատումը», – ասում է ընկերության աշխատակիցներից մեկը:
Վերանորոգման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ 19 038 910 լարիի չափով: Տենդերին մասնակցում էին չորս ընկերություն՝ «Արալի», «Բլեքսի գրուփ», «Մամիսոն» և «Ճանապարհաշինության N1 վարչություն»:
Տենդերը շահել էր «Ճանապարհաշինության N1 վարչություն»-ը՝ 14 749 992.92 լարիով:
Այնուամենայնիվ, վերակառուցումն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերությունը, որը «Ճանապարհաշինության N1 վարչություն» ենթակապալառուն է:
Բրատիսլավ Իգիթխանյան