Արդեն մեկ տարի է, ինչ Ախալքալաք քաղաքը Բավրա գյուղին միացնող կամրջի ճաղավանդակների մի մասը չկա, ինչը վտանգավոր է, ոչ միայն հետիոտնի, այլև տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության համար: Կամրջի նախագծային աշխատանքների համար հայտարարված տենդերը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով:
Ավելի քան հինգ գյուղ քաղաքին միացնող կամուրջը եզերող ճաղավանդակների մի մասը չկան: Կամրջով երթևեկող վարորդները բարձրաձայնում են վտանգավոր հետևանքների և տեղական իշխանությունների անտարբերության մասին:
«Մեկ տարի է այս վիճակն է, բան չի փոխվում, սա ցույց է տալիս իշխանությունների անտարբեր վերաբերմունքը: Այս վիճակը հատկապես վտանգավոր է ձմռանը»,- ասաց մի վարորդ:
Ախալքալաք քաղաքում քաղաքապետի ներկայացուցիչ Աշոտ Նահատակյանը Jnews-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը կամրջի վիճակի մասին մանրամասն նկարագրություն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո քաղաքապետարանը կամրջի ճաղավանդակները նորոգելու աշխատանքների համար էլեկտրոնային մրցույթ է հայտարարել, սակայն ոչ ոք չի մասնակցել:
«Քաղաքապետարանն արդեն երեք անգամ է, ինչ նախագծային աշխատանքների համար տենդեր է հայտարարում, բայց ոչ ոք չի մասնակցում: Ես չեմ կարող ասել, թե երբ կնորոգեն կամուրջը, բայց կնորոգեն», – նշեց Աշոտ Նահատակյանը:
Մրցույթը Բավրայի և Խորենիայի կամրջների վերանորոգման նախագծի ստեղծման համար հայտարարվել է օգոստոսի 26-ին և մինչև սեպտեմբերի 6-ը ընթացել է հայտերի ընդունման փուլը, սակայն ոչ ոք մասնակցության հայտ չի ներկայացրել: