Առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կգերազանցի 35 աստիճանը, որոշ շրջաններում սպասվում է մինչև 36-38 աստիճան տաքություն: Այս մասին ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրությունում:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ երկրի լեռնային շրջաններում տաք զանգվածների տարածումը սպասվում է մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ:
«Ամբողջ Վրաստանում օդային զանգվածի փոփոխությունների պատճառով ջերմաստիճանը տարբեր կլինի: Առափնյա շրջաններում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 28-30 աստիճան: Իմերեթիի և Սամեգրելոյի տարածքում՝ 30-32 աստիճան»,- Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է կարճաժամկետ կանխատեսումների բաժնի պետ Դոդո Գվազավան:
Ըստ նրա, տապը կհաստատվի նաև որոշ լեռնային շրջաններում` օդի ջերմաստիճանն այնտեղ կհասնի մինչև 35 աստիճանի: Այն շրջաններից մեկը, որտեղ օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի բարձրացում՝ Սվանեթին է:
«Ինչ վերաբերում է Արևելյան Վրաստանին, ապա այստեղ օդի առավելագույն ջերմաստիճանը հնարավոր է հասնի 36-38 աստիճանի: Հարավում գտնվող լեռնային շրջաններում սպասվում է 30-32 աստիճան: Ախալցիխեում և Բորժոմիում կլինի մինչև 34-36 աստիճան տաքություն»,- հայտարարել է Գվազավան:
Գործակալությունում չեն բացառում, որ կարող են տեղալ կարճատև անձրևներ: Հիմնականում դրանք սպասվում են օրվա երկրորդ կեսին և գիշերային ժամերին: