Տավշան Թափա բլուրի գերեզմանատունը ծածկված է խոտով։ Այն ներառված չէ տեղական իշխանության կողմից սպասարկվող հասարակական վայրերի ցանկում:

Ամեն տարի գարնանը խոտը ծածկում է գերեզմանատունը: Մարդիկ մաքրում են իրենց հարազատների գերեզմանները, սակայն մի գերեզմանից դեպի մյուսն անցնելու ճանապարհը գրեթե փակ է։

Ամռանն այլ երկրներ տեղափոխված ախալքալաքցիները վերադառնում են այցելելու բարեկամների, հարազատների գերեզմանները, սակայն ոմանք չեն կարողանում կամ անցնել դեպի հարազատի գերեզմանը, կամ ընդհանրապես չեն գտնում, քանի որ ամեն ինչ «կորած է» խոտի տակ:

2

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի պարտականությունների մեջ չեն մտնում գերազմանատան մաքրման աշխատանքները: Կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքերով, նրանց հնարավորությունները սահմանափակ են:

«Մենք այդպիսի հնարավորություն չունենք, որ բոլոր տեղերը մաքրենք։ Աշխատանքներ իրականացրել ենք դպրոցների, մանկապարտեզների բակերն ենք քաղել, հուշարձանների շուրջը և այլն, մեր աշխատակազմում երկու հոգի ունենք, ովքեր հենց այս գործով են զբաղված և հնարավոր չէ այդ ամբողջը մաքրել», – ասում է նա։

Ինչպես պարզաբանեց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, այս տարածքի մաքրման համար քաղաքապետարանում գումար չի հատկացված, սակայն նա կփորձի միջոցներ ձեռնարկել։

«Մենք այնտեղ հատուկ աշխատող չունենք, միայն պահակն է։ Նախատեսած գումար չկա, գերեզմանոցի ճանապարհը կա, ամեն մարդ գնում մաքրում է։ Ինքս գնացել գերեզմանոցի շուրջը մաքրել եմ։ Ամեն գերեզմանի բոլորը քաղել նույնիսկ հնարավոր չէ», – այս հարցին լուծում գտնելու ակնկալիքով պատասխանեց Յուրիկ Ունանյանը։

Խոտն արդեն չորանում է, մարդիկ մաքրելու նպատակով կարող են վառել այն, ինչը կարող է հրդեհ առաջացնել: