Հուլիսի 26-ի լույս 25-ի գիշերը հոսանքի անջատումներից հետո՝ Թամար Թագուհու, Ազատության և Ռուսթավելի փողոցների շատ բնակիչներ դիմումներ են ներկայացրել էներգաբաշխիչ «Energo Pro Georgia» ընկերությանը՝ վնասված տեխնիկայի վերանորոգման համար փոխհատուցում ստանալու նպատակով, բայց ընկերությունը չի բավարարել որոշ դիմումներ:
Ըստ տուժածներից մեկի՝ Ռոզա Այվազյանի, իրենց տանը փչացել է երկու տաքացուցիչ, սենյակներից մեկի լուսավորությունը և համակարգիչը:
«Առաջին անգամ նրանք մեզ ասացին, որ տեխնիկան տանենք արհեստավորների մոտ, նրանք գնահատեն վերանորոգման ծախսերը և վճարումը հաստատող անդորրագիր (չեկ) տան, որի գումարը կփոխհատուցի ընկերությունը: Նույն օրը մենք վարպետին կանչեցինք ջեռուցիչների համար, տարանք համակարգիչը սարքելու: Ջեռուցիչները սարքելու համար 250 լարի պահանջեցին, իսկ համակարգչի համար՝ 500 լարի: Ընկերության աշխատակիցները համաձայնեցին վճարել առաջինի համար, բայց հրաժարվեցին վճարել համակարգչի համար, ասացին, որ վարպետը գերագնահատել է այն սարքելու գինը: Այդ ժամանակ ես ասացի, որ թող իրենք զննեն սարքը և նորոգեն այն: Մենք համակարգիչը տարանք ընկերություն, այն մեկ օր մնաց նրանց մոտ, որից հետո նրանք ինձ վերադարձրեցին համակարգիչը և ասացին, որ այն չի վնասվել տեղի ունեցած դեպքի պատճառով, ինչը հաստատել է իրենց մասնագետը«, – պատմում է տուժածը:
Ըստ նրա պատմածի, նա աշխատակիցներից խնդրել է եզրակացություն այն մասին, որ համակարգիչը շարքից դուրս է եկել ոչ թե ընկերության մեղքով, այլ ուրիշ պատճառով, բայց ընկերությունից ասացին, որ իրենք չեն տալիս նման եզրակացություններ:
«Նրանք իմ ներկայությամբ զանգահարեցին պետին, նա ասաց, որ ես փորձում եմ խաբել իրենց: Եթե ես ցանկանայի, ես վարպետին կասեի նորոգել համակարգիչը, և միայն դրանից հետո ես այդ գումարը կասեի», – կիսվում է Ռոզա Այվազյանը:
Energo Pro Georgia-ից մեկնաբանեցին ստեղծված իրավիճակը:
«Ախալքալաքում մենք մերժել ենք 2 դիմում: Դրանցից մեկում կոտրված էկրան ունեցող հեռուստացույց էր նշված, մյուսում` համակարգիչ: Մենք հաստատում ենք, որ համակարգիչը շարքից դուրս չի եկել հուլիսի 26-ին տեղի ունեցած միջադեպի պատճառով, քանի որ եթե տեխնիկան փչանար հոսանքի ուժեղ մատակարարումից, ապա առաջին հերթին պետք է այրվեր պլատան: Այս համակարգչի պլատան սարքին է: Այո, մենք չենք կարող փորձագիտական եզրակացություն տալ, բայց մեր մասնագետը հաստատել է այդ փաստը»,- ասում է «Energo Pro Georgia»-ի ներկայացուցիչը:
Նա նաև նշեց, որ այն ծախսերը, որոնք ընկերությունը համաձայնել է փոխհատուցել, պետք է վճարվեն դիմումից հետո 10 օրվա ընթացքում: Ըստ նրա, եթե բնակիչները պահանջներ ունեն, կարող են դրանք լուծել դատական կարգով: