Ամենամեծ կոմերցիոն վրացական բանկը՝ «TBC» բանկը, թարմացրել է զբոսաշրջության ոլորտի վերլուծության շաբաթական ցուցանիշը: Այս մասին այսօր հաղորդել է commersant.ge թբիլիսյան պարբերականը:
Ըստ այս ուսումնասիրության՝ մեկ շաբաթվա ընթացքում, 2019 թվականի հուլիսի 22-ից, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանից Վրաստան այցելուների թիվը նվազել է 6,8%-ով: Միևնույն ժամանակ, անցած շաբաթ և նախանցյալ շաբաթ նախորդ տարվա համեմատ, ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է, համապատասխանաբար 3,5%-ով և 21,4%-ով:
Զեկույցում նշվում է, որ ինքնաթիռով Վրաստան ժամանող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կրկին կտրուկ նվազել է, սակայն, ի տարբերություն նախորդ շաբաթների, ցամաքային ճանապարհով ժամանող Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: Բացի այդ, ավելացել է Եվրամիությունից զբոսաշրջիկների թիվը:
Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի բոլոր երկրներից Վրաստան այցելուների աճը կազմել է 3,7%, ի տարբերություն 2.1%-ի աճի, որը գրանցվել էր անցած շաբաթ:
Նաև, ըստ TBC Bank-ի վերլուծության, լարիի ներկայիս փոխարժեքը չափազանց արժեզրկված է, և սպասվում է դրա ամրապնդումը:
Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրացումը սկսվեց այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թբիլիսիում սկսվեցին բողոքի ցույցերն՝ ի պատասխան Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի Թբիլիսի ժամանելուն, որը ելույթ ունեցավ Վրաստանի խորհրդարանում: ՌԴ կառավարությունը հուլիսի 8-ից արգելեց ուղիղ չվերթները դեպի Վրաստան՝ Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պատրվակով: Բացի այդ, ռուսաստանյան տուրօպերատորները դադարեցրեցին գրանցել ուղեգրեր դեպի Վրաստան: