Ախալքալաքի շրջանային դատարանը Նինոծմինդայի կնոջն իր ամուսնու նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղավոր է ճանաչել և որպես պատիժ սահմանել է 300 ժամյա հանրային աշխատանքներ: Կինը պատրաստվում է բողոքարկել դատական որոշումը:
Հուլիսի 8-ի դատական որոշմամբ, Նինոծմինդայի բնակիչ Ս.Տ-ն պետք է պետության օգտին աշխատի առանց աշխատավարձի՝ 300 ժամ:
«Մենք համաձայն չենք այս որոշման հետ, և, իհարկե, մենք բողոքարկելու ենք, մենք ունենք մոտ մեկ ամիս ժամկետ դրա համար», – ասում է Ս.Տ.–ի փաստաբան Պաատա Մանվելիշվիլին, հաղորդում է sknews.ge-ն:
Ախալքալաքի շրջանային դատարանում նինոծմինդացի ամուսինների դատավարությունն անց է կացվել մի քանի ամիս:
Ամուսինն ասել է, որ 30 տարի համատեղ կյանքի ընթացքում կինը պարբերաբար վիրավորել է նրան, որի պատճառով ստիպված է եղել գիշերել փողոցում, իսկ երբեմն էլ հարևանների մոտ: 52-ամյա կինն էլ պնդում է, որ ամուսինը սպառնացել է սառը զենքով և փորձել ճնշում գործադրել նրա վրա:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, 2018 թվականի մարտի 15-ին, կինը զանգահարել է ոստիկանություն և մեղադրել ամուսնուն բռնություն գործադրելու մեջ, սակայն հետաքննության ընթացքում պարզվել է, որ բռնության զոհը եղել է տղամարդը: Հետեւաբար, մեղադրանքը ներկայացվել է կնոջը: Ներքին գործերի նախարարությունը քրեական գործը հարուցել է ՔՕ 126-րդ հոդվածով, որը ենթադրում է բռնություն: