Գառնիկը մասնագիտությամբ միջազգայնագետ է, սակայն կնոջ՝ Սաթենիկի հետ, Մեծ Գոնդուրա գյուղում կարտոֆիլի մշակությամբ է զբաղվում: Զույգը որոշել է արտասահմանից ներկրելու փոխարեն՝ տեղում կարտոֆիլի սերմացու արտադրել:

kartofil

Շատ երիտասարդներ բարձրագույն կրթություն ստանալուց հետո, վերադառնալով գյուղ և աշխատանք չգտնելով՝ մեկնում են խոպան, սեփական կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու մղումներով:

Գառնիկ Արզրումցյանն ամեն տարի 3 լարիով կարտոֆիլի սերմացու էր գնում, որը Վրաստանը ներկրում է Հոլանդիայից, Գերմանիայից և այլ պետություններից: Գառնիկը որոշել է հենց ինքը սերմացու ստանալ: Փորձել է ու հաջողել:

«Ամեն 4 տարին մեկ սերմացուն փոխում ենք, որպեսզի լավ բերք ստանանք: Որոշեցի ես ստանամ և փորձեցի: Ընտանիքիս անդամներն ասացին արդյունք չի տա, իզուր ժամանակ ես կորցնում և այլն»,- պատմում է Գառնիկը:

kartofilagorc

Անցած տարի շատ փոքր տարածքում կարտոֆիլի պոմիդորներից ստացած սերմը կանաչիի նման ցանելով, ավելի քան 300 ընտանիք կարտոֆիլի սածիլ է ստացել:

«Պոմիդորների մեջի հունդը ցանել եմ փոքր տարածքի, նորմալ բուսնեց, ինչքան խորհուրդ եմ հարցրել, բոլորն ասում են լավ արդյունք է: Շատ փոքր էին, երբ տնկեցինք, 300 սածիլից 1500 սերմի կարտոֆիլ եմ ստացել, մոտավոր մի հորից 1,5 կգ միջին չափի կարտոֆիլ եմ ստացել»,- ասում հողագործը:

Ստացած բերքից գոհ մնալով Գառնիկը որոշում է ընդարձակել այսպես ասած փորձնական դաշտը: Այս տարի արդեն 3000 տնկի է ստացել: Հոլանդական տորոնտո կարտոֆիլի պոմիդորների սերմն է ցանել և իր մշակած կարտոֆիլի մասին խոսելիս կատակով ասում է՝ սերմացու, ոչ թե Գերմանիայից, այլ Գոնդուրայից:

kartofil1

Գառնիկ և Սաթենիկ Արզրումցյաններն ամբողջ օրը կարտոֆիլի դաշտում են: Գառնիկը արդեն կարոտֆիլի պատրաստ սածիլներն է առանձնացնում, իսկ Սաթենիկը ոգևորությամբ տնկում է: Զույգը չի բողոքում, ավելին՝ ինչպես իրենք են ասում՝ հողից ուժ են ստանում:

«Պարզապես պայման չկա, կաթիլային սիստեմ է անհրաժեշտ ջրելու համար, տեսեք օրը մի քանի անգամ ցնցուղով շրջում եմ դաշտում: Պետք է այնքան ջրել, մինչև տնկին արմատավորվի հողի մեջ: Իսկ եթե կաթիլային սիստեմ լինի, շատ ավելի հեշտ ու արդյունավետ կլինի», – պատմում է երիտասարդ հողագործը:

kartofil2

Կինը՝ Սաթենիկը ժպիտով ասում է, իրենք շարունակելու են սկսած գործը, անկախ արդյունքներից:

«Ամուսինս ինչ որոշե, ես միշտ իր կողքին եմ, ուղղակի մտածում էի այդքանն ով է տնկելու, բայց առանց զլանալու տնկել եմ ամբողջը, հենց ասում էր տնկելու է, ես անմիջապես գործի էի անցնում, բոստանից դուրս չէինք գալիս», – պատմում է Սաթենիկը:

Սաթենիկը գյուղի դպրոցում անգլերեն է դասավանդում, ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանը, իսկ Գառնիկը Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինն է ավարտել, սակայն վերադառնալով գյուղ սկսել է հողագործությամբ զբաղվել:

Գառնիկն ընտրություն է կատարել խոպանի ու գյուղի միջև, հաղթել է գյուղը: Նա ասում է՝ ամեն տեղ մարդ կարող է ապրուստ վաստակել, եթե տքնաջան աշխատի:

Satenik

«Չեմ դժգոհում, գյուղում ամեն ինչ կա, ամեն տարի 2 հա կարտոֆիլ եմ ցանում, կարողանում եմ ընտանիքիս ապրուստը հոգալ: Եթե խելացի ապրես, ապա ամեն տեղ էլ կարող ես հաց վաստակել: Բանկերի հետ գործ չբռնես, կրեդիտ չունենաս: Եվ ամեն ինչ իր ժամանակին անես, բերքը ժամանակին մշակես, արդյունք կտեսնես», – ասում է Գառնիկ Արզրումցյանը:

Գառնիկը մտածում է տեխնիկա ձեռք բերելու մասին, որպեսզի կարողանա գալիք տարում ձեռնարկած գործը ավարտին հասցնել:

«Հույս ունեմ, եթե ամեն ինչ նորմալ լինի, սրանից ստացած սերմացուն տնկել ավելի մեծ դաշտերում, որի համար արդեն հատուկ տրակտոր է պետք, որը շիթիլն է տնկում»,- հավելում է հողագործը։

Գառնիկը և Սաթենիկը երկու երեխա ունեն, չեն շտապում խոսել երեխաների ապագայի մասին, այլ միայն նշում են՝ որտեղ ուզում են, թող այնտեղ էլ ապրեն, ընտրությունն իրենցն է:

Gondura

Աղունիկ Այվազյան