Ախալքալաքի թիվ 5 դպրոցում ակտիվ աշակերտների շնորհիվ վերանորոգվել է գրադարանը և բարելավվել է դպրոցի բակը: Երեխաները Երիտասարդական Բանկի ծրագրի շրջանակներում ներկայացրել են իրենց նախագծերը և շահել են դրամաշնորհներ:
Մրցույթում հաղթել են երկու խմբերի նախագծերը` Գայանե Էլիզաբարյանի և Սուսաննա Ավետիսյանի գլխավորությամբ: Առաջին նախագիծն ընդգրկում էր դպրոցական բակի բարելավումը, իսկ երկրորդը` դպրոցական գրադարանի կազմակերպումը: Քաղաքացիական ակտիվությունը և աշակերտների նախաձեռնելիությունը զգալի արդյունքներ տվեցին:
«Սկզբում մենք ուզում էինք մանկապարտեզի համար նախագիծ գրել», – կիսվում է առաջին խմբի ղեկավար Սուսաննա Ավետիսյանը: – Բայց մրցույթի թեմաները այլ էին` էկոլոգիա, կրթություն և կենդանիների պաշտպանություն: Մեր բակը շատ աններկայանալի տեսք ուներ, աղտոտված էր, և մենք որոշեցինք մեր ուժերը ուղղել հենց այդտեղ: Մեր նախագիծը եղել է դպրոցական բակի բարելավման ուղղությամբ, ծառատունկ և ծաղկատունկ»:
Երկրորդ հաղթող նախագիծը վերաբերում էր կրթությանը: Այս խմբի ղեկավար Գայանե Էլիզարյանի խոսքերով` դրամաշնորհ ստանալուց հետո ձեռք են բերվել 5 գրադարակ, ինչպես նաև մի քանի գրքեր:
Նա նշում է, որ նրա հիմնական շարժառիթն այն է եղել, որ իրենցից հետո նոր սերունդը կգա դպրոց, և նրանց ավելի հետաքրքիր կլինի գրքեր կարդալը:
«Նախագծից մի քանի օր առաջ մտա գրադարան և հասկացա, որ վերանորոգման կարիք կա այնտեղ: Գրադարակները շատ էին հին, վատ վիճակում, և գրքերը փչանում էին», – պատմում է Գայանեն:
Աշակերտները ներկայացրին մի քանի նախագիծ, այդ թվում` քիմիայի, ինֆորմատիկայի դասասենյակների և մազասրահի վերանորոգման, ինչպես նաև ժամանակակից բասկետբոլի դահլիճի կառուցման նախագիծը, բայց միայն երկուսն անցան եզրափակիչ: Ապագայում նրանք նաև նոր գաղափարներով մտադիր են մասնակցել մրցույթների:
Դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանը ողջունում և խրախուսում է իր աշակերտների նման քաղաքացիական ներգրավվածությունը` նշելով, որ իրենց նախագծերը, իհարկե, մեծ օգուտ են տալիս դպրոցին:
«Դպրոցը, իհարկե, շահեց դրանից: Երեխաները նույնիսկ ավելի մասշտաբային նախագծեր էին ծրագրել, բայց ֆինանսավորումը սահմանափակ էր: Այս նախագծի շնորհիվ դպրոցն այժմ ունի գեղեցիկ գրադարան և բակ: Ես տեսնում էի, թե ինչպես էին աշակերտներն ինքնուրույն վերանորոգում սենյակը, ներկում պատերը, կատարում այլ աշխատանքներ, սա, ի թիվս այլ բաների, ավելի է սերտացնում երեխաներին: Ես շատ ուրախ եմ, որ երեխաները հանդես եկան նման նախաձեռնությամբ և հնարավորություն ստացան իրականացնել իրենց գաղափարները: Նրանք լավ գործ արեցին ինչպես իրենց, այնպես էլ ապագա սերունդների համար», – նշում է տնօրեն Էմմա Նահատակյանը:
Դպրոցը գոհ է իրենց աշակերտների նման նախաձեռնություններից: Գրադարանի բարելավման նախագծի պատվին` դպրոցի աշխատակից Գոհար Բարեկյանը կազմակերպել և անցկացրել է միջոցառում, նվիրված հայոց լեզվին:
Այս նախածերը ֆինանսավորած «YouthBank»-ը այն կազմակերպությունն է, որն ընտրում է երիտասարդների առաջարկած լավագույն նախածերը և ֆինանսավորում դրանք: Ֆինանսավորման առավելագույն գումարը 800 լարի է: Բացի այդ, նախագծի հեղինակները հնարավորություն ունեն դառնալ ակտիվ քաղաքացիներ և իրենց ուժերի մեջ ավելի վստահ դառնալ:
Ամալյա Բաբայան