Փայտե կամուրջը, որը միացնում է նախկին զինվորական №1 ավանը և «Ջիվանու» թաղամասը քաղաքի հետ, արդեն մաշված է և վերանորոգման կարիք ունի:

Կամրջի փայտե տախտակները տեղ տեղ դուրս են եկել, իսկ տեղ տեղ փտած են, և դա բարդացնում է կամրջով անվտանգ երթևեկությունը, որը հատկացված է միայն հետիոտների համար: Վերջին անգամ կամուրջը վերանորոգվել է ավելի քան հինգ տարի առաջ:

мост

Հատկապես դժվար է սահմանափակ հնարավորություններով մարդկանց և մանկական սայլակներով մայրերի համար:

«Բոլոր տախտակները դուրս են եկել, կամուրջի վրայով քայլելը դարձել է շատ վտանգավոր: Ես քայլում եմ մանկական սայլակով ու այն դողում է, բացի այդ, կողքերի ցանցը թուլացել է, թեթևակի ձեռք տաս մեծ անցք է բացվում», – ասում է նախկին №1 զինվորական ավանի բնակչուհին, երեք երեխաների մայրը:

мост2

Բացի այդ կամուրջը վատ է պահպանվում սանիտարական տեսակետից, այն երբեք չեն ավլում կամ մաքրում:

Անձրևոտ եղանակին անհնար է մտնել կամուրջ, առանց մեծ ջրափոսոով անցնելու: Քաղաքի կողմից ջուրը կուտակվում է կամրջի մոտ:

Վերանորոգման կարիք ունեն նաև կամրջի քարե աստիճանները:

Ամեն օր այս կամրջի վրայով քայլում է մեկ տասնյակից ավելի մարդ: Կամրջից օգտվում են նախկին №1 զինվորական ավանի, «Ջիվանու» թաղամասի բնակիչները, չհաշված Չամդուրա գյուղ բնակիչներին, որոնք գտնվում են գրեթե քաղաքի կողքին:

мост3

Ձմեռվանից հետո կամուրջը նման վիճակում է: Մենք որոշեցինք ենթակառուցվածքների բաժնում պարզել, թե արդյոք այս տարի այն կվերանորոգվի թե ոչ, բայց մեզ Ախալքալաքի Շրջանային վարչության Ենթակառուցվածքների ծառայության, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը ասաց, որ կամրջի վերանորոգում այս տարի չի նախատեսվում:

Մենք հարցրեցինք քաղաքի լիազորներին, թե գիտեն արդյոք նրանք, թե ինչ վիճակում է կամուրջը, և պատրաստվում են արդյոք անել որևէ բան: Մեզ ասացին, որ բնակիչները պետք է Շրջանային վարչության նախագահին դիմում ներկայացնեն կամրջի անմխիթար վիճակի մասին, ինչից հետո կորոշվի վերանորոգել կամուրջը, թե՝ ոչ:

Շուշան Շիրինյան