Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տիրոջ Պայծառակերպության (Վարդավառի) տոնը՝ հինգ գլխավոր տոներից երրորդը, և փոքրիկներն անցկացնում են տարվա ամենաուրախ օրերից մեկը։
Տոնի առթիվ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ։
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։
Վարդավառն այլ կերպ անվանում են նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն, քանի որ այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակի օրն է, որն ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, երբ Քրիստոսն իր աշակերտներին «ներկայացավ» արդեն որպես տիրոջ զավակ:
Վարդավառը հայկական ամենահին տոներից է։ Նախաքրիստոնեական հայերը նշում էին այս տոնը։ Վարդավառի տոնը հին ժամանակներում հայկական դիցաբանության մեջ կապվում էր ջրի, սիրո, պտղաբերության և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում է ժողովրդական մեծ տոնախմբություններով։ Աստղիկի տաճարում վարդեր էին թողնում, աղավնիներ բաց թողնում երկինք ու ջուր լցնում իրար վրա։
Այս օրը երեխաները, առանց թույլտվություն խնդրելու, ջուր են լցնում բոլորի վրա։ Համաձայն հավատալիքների, տարին հաջող է նրանց համար, ովքեր այս օրը ջրվում են։