«Միասնական ազգային շարժման» Սակրեբուլոյի պատգամավոր Աշոտ Ռաիսյանը, ոստիկանապետ Գիորգի Սորդիայի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ դատարանին կխնդրի անձնական երաշխավորությամբ Կիմ Կուղոյանին ազատ արձակել գրավի դիմաց:
Կիմ Կուղոյանի հայրը և Աշոտ Ռաիսյանը հանդիպել էին Ախալքալաքի ոստիկանության պետի հետ: Հանդիպումից հետո Աշոտ Ռաիսյանը հայտարարել է, որ կսպասեն մինչև վաղը չէ մյուս օրը՝ մինչև դատավարությունը: Ավելի շատ մարդիկ կհավաքվեն, որ խնդրեն գրավի դիմաց ազատ արձակել Կիմ Կուղոյանին:
«Մենք խնդրեցինք, որպեսզի նրան ազատ արձակեն, քանի որ հասարակությունը պահանջում է դա: Ոստիկանության պետն ասաց, որ ինքը նման լիազորություններ չունի, և, որ մենք կարող ենք դատարանին խնդրել ազատել նրան իմ երաշխավորությամբ գրավի դիմաց, բայց միայն, եթե ես ստանձնում եմ, որ նա ժամանակին կներկայանա ոստիկանության շենք, երբ նրան կկանչեն», – ասաց Աշոտ Ռաիսյանը:
Հիշեցնենք, որ առավոտից բողոքի ակցիային հավաքվել էր մոտ 60 երիտասարդ և Կիմ Կուղոյանի հարազատները: Ըստ նրանց, Կիմ Կուղոյանի ձերբակալման պատճառները կեղծված են:
Երեկ, մայիսի 24-ին, Ախալքալաքի կենտրոնում, Խաչ Բախչա այգու մոտից, Կիմ Կուղոյանը ձերբակալվել էր Հատուկ հանձնարարությունների բաժնի աշխատակիցների կողմից: ՆԳՆ-ի կողմից հետաքննությունը տարվում է Վրաստանի Քերական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ ապօրինի ճանապարհով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար: