Ինչպես փոխանցում է 1tv.ge-ին, Օկուպացված տարածքներից ստիպված տեղահանվածների, առողջապահության եւ սոցիալական հարցերով նախարարությունն ընդլայնել է այն դեղատների ցանկը, որտեղ քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդները կարող են դեղորայք գնել սիմվոլիկ կամ կես գնով:

«PSP», «Aversi», «GPC», «Pharpadepot» եւ «Սախալխո ափթիաքի» (Ժողովրդական դեղատուն)՝ սրանք այն 5 դեղատներն են, որոնց դեղորայք ստանալու համար կարող են դիմել պետական ծրագրից օգտվող անձինք:

Ծրագրի նորարարությունների եւ ապագայի ծրագրերի մասին բժշկական հասարակության ներկայացուցիչներին ներկայացրեց նախարար Դավիթ Սերգեենկոն:

Պետական ծրագիրը շահառուներին ֆինանսավորում է վեց տարածված քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված 35 անվանման դեղորայք: Նախարարի խոսքով, այս ցանկը աստիճանաբար կընդլայնվի:

Ծրագիրը նախատեսում է ամենատարածված քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են՝

Քրոնիկ սիրտ-անոթային հիվանդությունները,

Շաքարային դիաբետը (II տիպ),

Թոքերի քրոնիկ հիվանդությունները (ներառյալ ասթման),

Վահանաձեւ գեղձի հիվանդությունները,

Էպիլեպսիան,

Պարկինսոնի հիվանդությունը:

Առողջապահության նախարարության տվյալներով, ծրագրից օգտվում են սոցիալապես անապահով անձինք, որոնց վարկանիշը չի գերազանցում 100 000 միավորը եւ նրանք կարող են դեղերը գնել մեկ լարի սիմվոլիկ գնով, բացի այդ, պետությունը 50% կամ ավելի վճարում է՝ կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին, Պարկինսոնի հիվանդություն ունեցող ցանկացած քաղաքացու, էպիլեպսիայով տառապող ցանկացած քաղաքացու: