«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, գործադիր տնօրենի խոսքերով, կատարել է Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի թանգարանի վիճակի նախնական ուսումնասիրություն, կազմել է մոտավոր նախահաշիվ ամբողջապես վերականգնելու համար և դիմել է ՀՀ պատկան մարմիններին և բարերարներին: Հիմա սպասում են պատասխանի, որպեսզի շարունակեն աշխատանքը:
Վահան Տերյանի հայրական տունը, որը թանգարանի է վերածվել 1957 թվականից, գտնվում է անմխիթար վիճակում:
2018 թվականին Տերյանական օրվա տոնակատարության ժամանակ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրինությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, պատրաստակամություն հայտնելով աջակցել Վահան Տերյանի տուն թանգարանի վերանորոգման և արդիականացման աշխատանքներին: Նշելով, որ թանգարանի վերականգնման ծրագիրը ընդգրկվելու է նաև ՋԱՀ-ի «Ջավախք 2020» ռազմավարական փաթեթի մեջ և աշխատանքներ են իրականացվելու այդ ուղղությամբ:
Վահան Տերյանի հայրական տունը փլուզման եզրին
Տերյանի տուն-թանգարանը կվերանորոգվի
Հարցին, թե մինչ օրս ի՞նչ աշխատանքներ են իրականացվել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից թանգարանի վերանորոգման ուղղությամբ, հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն ասաց.
«2018թ․-ին ՋԱՀ-ի ներկայացուցիչները ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ այցելել են գյուղ Գանձա և կատարել թանգարանի վիճակի նախնական ուսումնասիրություն, որից հետո կազմվել է մոտավոր նախահաշիվ թանգարանը ամբողջապես վերականգնելու համար: ՀՀ պատկան մարմիններին և բարերարներին ներկայացվել են տուն-թանգարանի վիճակի մասին տեղեկատվություն և նախահաշիվ, որոնք արժանացել էին նախնական հավանության: Վերջնական և հստակ պատասխան ստանալուց հետո ճարտարապետների և թանգարանագետների խումբը կմեկնի Գանձա մանրամասն չափագրման, նախագծի, ծավալաթերթի և նախահաշվի մշակման համար», – մեզ հետ հեռախոսազրույցում ասաց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը:
Աղունիկ Այվազյան