Վրաստանը Եվրոպական Խորհրդի քրեական վիճակագրության մասին (SPACE) ամենամյա տարեկան հաշվետվության համաձայն՝ շարունակում է մնալ առավելագույն թվով բանտարկյալ ունեցող երկրների շարքում:
2018 թվականի վերջին, Վրաստանում գրանցված էր ավելի քան 9,4 հազար բանտարկյալ: Այսինքն, երկրի 100 հազար բնակչի հաշվով՝ 252,2 բանտարկյալ:
Հարկ է նշել, որ այս ցուցանիշը նվազ է ընդամենը 1,6 տոկոսով՝ 2016 թ. ցուցանիշի համեմատ: Այն ժամանակ, յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով 256,3 բանտարկյալ էր:
Շատ դեպքերում Վրաստանում կալանավորները դատապարտվել են՝ գողությունների (54,6%), թմրանյութերի (34,1%), սպանությունների (15,3%), հարձակումների և ծեծկռտուքների (15,1%) և ավազակությունների (7,2%) համար:
Բացի այդ, բանտարկյալների 97,1%-ը տղամարդիկ են և միայն 2,9%-ն են կազմում կանայք: Դատապարտյալների միջին տարիքը 36,6 տարեկանն է:
Զեկույցի համաձայն, ամբողջ Եվրոպայում գտնվող բանտերում բանտարկյալների թիվը՝ 2016-ից մինչև 2018 թ.-ն ընկած ժամանակահատվածում, նվազել է 6,6%-ով (109-7-ից մինչև 102,5 դատապարտյալ՝ 100,000 բնակչի հաշվով):
«Այս անկումը շարունակում է 2012 թվականին սկսված տենդենցը, երբ բանտարկությունների մակարդակը, այսինքն` հիմնականում բանտարկության տևողությունը որոշող ցուցանիշն սկսեց նվազել», – նշում են փաստաթղթի հեղինակները:
Միևնույն ժամանակ, նախնական կալանքի տակ գտնվող անձանց թիվն աճել է դատապարտյալների ընդհանուր թվաքանակի համեմատ՝ 17,4%-ից մինչև 22,4%:
Վրաստանից բացի, հատկապես բարձր է բանտարկությունների ցուցանիշն Ռուսաստանում (100 հազար բնակչի հաշվով 418,3 բանտարկյալ), Ադրբեջանում (235), Լիտվայում (234,9), Մոլդովայում (215,2), Չեխիայում (208,8), Լատվիայում (194,6), Լեհաստանում (194,4) և Էստոնիայում (191,4):
Բանտարկյալների կրճատման առավելագույն թիվը գրանցել են՝ Ռումինիան (-16%), Բուլղարիան (-15%), Նորվեգիան (-11.6), Ֆինլանդիան (-9.9%) և Հյուսիսային Մակեդոնիան (-9.7%), հաջորդում են՝ Հայաստանը (-8,7%), Լատվիան (-8.4%), Լյուքսեմբուրգը (-7.1%), Էստոնիան (-5.7%) և Կիպրոսը (-5.5%):
Մյուս կողմից, բանտարկյալների թիվն ամենաշատն աճել է՝ Իսլանդիայում (+25.4%), Իտալիայում (+7.5%), Նիդերլանդներում (+5.9%), Դանիայում (+5.8%) և Չերնոգորիայում (+5.5%):
Նյութը՝ «Նորություններ-Վրաստան»-ի