Նինոծմինդայի կենտրոնական փողոցներում մեծ փոսեր են առաջացել, որոնք խանգարում են մեքենաների երթևեկությանը և հաճախ վթարի առիթ հանդիսանում:
Քանդված ճանապարհների պատճառով վարորդները ամեն կերպ փորձում են շրջանցել Պուշկին, Տերյան, Սպենդարյան և մի քանի այլ փողոցներ: Սակայն, վարորդներին ոչ միշտ է հաջողվում շրջանցել, որովհետև հենց այս փողոցների վրա են գտնվում մի շարք հաստատություններ և խանութներ:
Բնակիչների և վարորդների խոսքերով նման ճանապարհների պատճառով անհնար է խուսափել վթարներից:
«Մեծ ուշադրություն է պետք դարձնել այն հատվածների վրա, որտեղ ինչ-որ կերպ արդեն «վերանորոգել» են ճանապարհները: Այդ հատվածները շատ վտանգավոր են: Ջուրը լցվում է անցքերը և մեքենաների անիվների ճնշման տակ այդ տեղերը քանդվում են: Մեքենաները ջարդվում են: Արդյունքում ճանապարհափոսերը վթարի պատճառ են դառնում»,- ասաց քաղաքի բնակիչներից մեկը:
Վարորդները դժվարությամբ են շրջանցում ճանապարհափոսերը և հաճախ դրանց մեջ են հայտնվում, իսկ անձրևային եղանակներին լճակներ են գոյանում: Վարորդների խոսքերով մեքենաները ջարդվում են:
«Մեր քաղաքում սա ամենավատ հատվածը չէ, կան ավելի վատերը, բայց ի վերջո սա քաղաքի կենտրոնն է»,- ասաց վրդովված մի վարորդ:
Երևում է վարորդները դեռ երկար կվրդովվեն այս փոսերի ու ջարդված մեքենաների պատճառով, որովհետև այս տարի վերոնշյալ փողոցների վերանորոգում նախատեսված չէ:
Նինոծմինդայի շրջանի Գույքի կառավարման և տնտեսական զարգացման ծառայության ղեկավարի խոսքերով՝ այս տարի նշյալ փողոցների վերանորոգում նախատեսված չէ:
«Հնարավորություն չկա: Մյուս տարի անպայման ի նկատի կունենանք այդ հատվածների վերանորոգումը»,- ասաց Սայաթ Մկոյանը:
Բոռիս Ղառսլյան