Այսօր, մարտի 17-ին Նինոծմինդայում անցկացվել է շախմատի բաց առաջնություն նվիրված Սերգեյ Տոնոյանի հիշատակին, որտեղ հաղթող է ճանաչվել Գորի քաղաքի թիմը:

Նինոծմինդայի մարզադպրոցում տեղի ունեցած շախմատի բաց առաջնությանը մասնակցել է 10 թիմ: Վրաստանի տարբեր քաղաքներից՝ շուրջ 60 շախմատիստ պայքարում էր առաջին պատվավոր հորիզոնականում հայտնվելու համար:

Նինոծմինդայի մարզադպրոցի տնօրենն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել մրցաշարի աջակիցներին և հույս հայտնել, որ մրցաշարն ամենամյա բնույթ կկրի:

«Կրկին անգամ փայլեց Նինոծմինդան չունենալով մրցակից տարածաշրջանում։ Իսկ մենք կրկին ապրեցիք հպարտության պահեր, որովհետև հիշելով մարդուն անմահացնում ենք։ Եվ այս մրցումները կանցկացվեն ամեն տարի, ըստ շախմատի ֆեդերացիայի մրցումաին գրաֆիկի։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց ովքեր աջակցեցին այս մրցմանը և սկիզբ դրեցին շախմատային կյանքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անդրանիկ Ղարսլյանը:

Ninocminda

Սերգեյ Տոնոյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարը կայացել է Տոնոյանի տղաների և Նինոծմինդայի մարզադպրոցի համատեղ ջանքերով: Առաջնությանը մասնակցած թիմերը պարգևատրվել են՝ գավաթներով, դիպլոմներով, մեդալներով, շապիկներով, ինչպես նաև ստացել են դրամական աջակցություն:

Տաս թիմերի պայքարի արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Գորի քաղաքի թիմը և ստացել 1000 լարի պարգևավճար: Երկրորդ տեղում հայտված Նինոծմինդայի շախմատի թիմն ստացել է 700 լարի, իսկ երրորդ տեղում հայտնված Սաթխա գյուղի թիմը ստացել է 500 լարի:

Լուսանկարները՝ Անդրանիկ Ղարսլյանի ֆեյսբուքյան էջից