Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ երգիչ, կոմպոզիտոր, երգահան և մշակույթի գործիչ` Աշուղ Ալիք Ջավախքի հոբելյանական երեկոն նվիրված ծննդյան 65-րդ տարեդարձին:

Հունիսի 27-ին, Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ հոբելյանական երեկո նվիրված Աշուղ Ալիք Ջավախքին:

Աշուղին շնորհավորելու էին եկել հյուրեր Հայաստանից, Թբիլիսիից և Ռուսաստանից: Դահլիճը լեփ-լեցուն էր: Հոբելյանական երեկոյին ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, Ախալքալաքի Վրաց Ուղղափառ եկեղեցու Միտրոպոլիտ Նիկոլոզը, Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ հանձինս՝ Բաբգէն վրդ Սալբիյանի, Ախալքալաքի և Նինոծմինդայի մտավորականությունը և ուղղակի մարդիկ, ում դուր է գալիս Աշուղ Ալիք Ջավախքի ստեղծագործությունը:

Շնորհավորանքների երեկոն սկսեց Ախալքալաքի Շրջանային Ժողովի նախագահ՝ Համլետ Մովսիսյանը: Շրջանի անունից շնորհավորեց և պատի ժամացույց նվիրեց հոբելյարին մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Վալերի Ստելմաշովը:
VE1
Թբիլիսիից Աշուղին շնորհավորելու էին եկել Վրաստանի Պարարվեստի Միության առաջին տեղակալ՝ Յուրի Թորաձեն և «Մզիուրի» համույթը:

Յուրի Թորաձեն նշեց, որ ինքը չէր կարող չգալ Ախալքալաք և չշնորհավորել այսպիսի հիանալի մարդու:
«Նա մասնակցում է Վրաստանի բոլոր մրցույթներին: Նրան լավ գիտեն մեր մոտ: Նա հիանալի ընկեր է, աշուղ, մշակույթի գործիչ և ընտանիքասեր մարդ: Մենք նրան տալիս ենք «Աշխարհում Վրաստանի պարարվեստի դեսպանի» կոչում և պարգևատրում ենք «Մշակույթի բնագավառում հանուն հայրենիքի հանդեպ ունեցած ծառայության» մեդալով»,- ասաց Յուրի Թորաձեն:

Աշուղ Ալիք Ջավախքին շնորհավորելու էին եկել Աշուղ Լեյլին և Աշուղ Ալմաստը, ով էլ պարգևատրեց հոբելյարին «Նաղաշ Հովնաթան» ոսկե մեդալով:
2222
Բազմաթիվ շնորհավորանքներ և նվերներ ստացավ այդ երեկո հոբելյարը: Մասնավորապես՝ մի քանի դիմանկար, նկարներ և շատ ծաղիկներ: Աշուղին շնորհավորելու էին եկել նրա ներկայիս և նախկին սաները, ինչպես նաև Վրաստանի Պարարվեստի Միության Պետական համույթը, «Ալմաստ» աշուղական համույթը, Նինոծմինդայի «Փարվանա» համույթը, նաև Մավր Մկրտչյանը, Նարեկ Պողոսյանը, Սարգիս Զոփունյանը, Գրիգոր Դանիելյանը և այլ հայտնի երգիչներ Հայաստանից:
VE2
Երգերով և պարերով շնորհավորեցին աշուղին նաև Ախալքալաքի Աշուղական դպրոցի և «Ջավախք» ազգագրական համույթի սաները, ինչպես նաև Վաչիան և Գումբուրդո գյուղերի պարի խմբերը:

Աշուղին շնորհավորեց և իր գիրքը նվիրեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ՝ Մկրտիչ Քթոյանը:

Շնորհավորանքով հանդես եկավ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ՝ Գևորգ Սնխչյանը և ասաց, որ նրանք աշուղին պարգևատրել են «Կոմիտաս»-ի անվան մեդալով:
«Ո՞վ կմտածեր, որ նա Ռուսաստանից տուն կվերադառնա, իրեն կնվիրի երգարվեստին, որը մի օր կվերածվի պարի, թատրոնի, մի օր կդառնա «Վերնատուն» գրողների միության անդամ, կհրատարակի իր գրքի առաջին ժողովածուն, կարժանանա Հայաստանի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» ոսկե մեդալի: Ես շնորհակալ եմ Աստծուց, որ իմ ճանապարհին ես հանդիպել եմ նրան և ունեմ այսպիսի ընկեր: Ես միայն ափսոսում եմ, որ հրատարակված չի իմ ընկերոջ երգերը, բայց ես խոստանում եմ և կանեմ: Ես անպայման կանեմ դա նրա ծննդյան 70-ամյակին»,- ասաց Գևորգ Սնխչյանը:
VE2
Երեկոն հարուստ էր շնորհավորանքներով և նվերներով: Շատերը շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր ասացին Աշուղ Ալիք Ջավախքին, ցանկանալով նրան երկար ստեղծագործական ուղի:

Շուշան Շիրինյան