Ախալքալաքի և 11 գյուղերի սպորտային ինվենտարի ձեռքբերումը չի ավարտվել: Գնորդ ընկերությունը ստիպված է տուգանք վճարել, իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետը կհայտարարի գնման նոր տենդեր:
Ախալքալաքի մունիցիպալիտետը 11 գյուղերի համար սպորտային ինվենտարի ձեռքբերման տենդերը հայտարարել էր անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն այդ գյուղերի մեծ մասը դեռևս չի ստացել պահանջված սպորտային ինվենտարը: Տենդերը հաղթող ընկերությունը չի կատարել իր պարտականությունները՝ գնել է ինվենտարի միայն մի մասը:
Սպորտային ինվենտարի ձեռքբերման տենդերը հաղթել էր «Բոկարտ» ընկերությունը 19 579 լարիով, սակայն, ընկերությունը ձեռք է բերել ինվենտարի միայն մի մասը: Գնված սպորտային գույքը գտնվում է քաղաքապետարանի շենքում:
Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովի խոսքերով, նրանք երեք անգամ հայտարարել են տենդեր, սակայն մասնակիցներ չեն եղել: Վերջին անգամ մասնակցել է «Բոկարտ» ընկերությունը՝ Թբիլիսիից:
«Եթե սպորտային կոմպլեկտը ամբողջական էր, ապա մենք դրանք բաժանել ենք, սակայն կա ինվենտար, որը լիարժեք չէ: Օրինակ, բռնցքամարտիկների համար ձեռնոցներ կան, բայց տանձիկ չկա: Սկզբում ամեն ինչ նորմալ գնում էին, բայց հետո դադարեցին: Ասացին, որ մնացածը տենդերի մեջ նշվածից ավելի թանկ է և նրանք չեն կարող գնել դրանք », – ասաց Վալերի Ստելմաշովը:
«Բոկարտ» ընկերության տնօրեն Շոթա Տաբատաձեն ասում է, որ ընկերությունը սնանկացել է, ուստի աշխատանքը չի կարողացել ավարտին հասցնել:
«Քանի որ մեր ընկերությունը սնանկացավ, մենք չունեինք համապատասխան միջոցներ և չկարողացանք գնել ինվենտարի կեսը: Սակայն մենք խոսել ենք տենդերը հայտարարող անդամների հետ, գիտենք, որ պարտավոր ենք տուգանք վճարել պայմանագրի չկատարման համար, մենք պատրաստ ենք վճարել տուգանքը», -ասաց Շոթա Տաբատաձեն:
Ախալքալաքի քաղաքապետարանը, ամբողջական սպորտային ինվենտար է տրամադրել Աբուլ, Բավրա և Բեժանո գյուղերին: Սպորտային ինվենտար պիտի ստանային Կարտիկամ, Աբուլ, Տուրցխ, Էխտիլա, Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Մերենիա, Դադեշ, Բարալեթ, Բավրա գյուղերը և Ախալքալաքը:
Գույքացուցակում ընդգրկված էր հետևյալ ինվենտարը՝ համալիր գործողությունների վարժասարք (1 հատ), թենիսի սեղան (1 հատ), մարզասարք (զուգամարզափայտ՝ տուրնիկ) (3 հատ), ֆուտբոլային գնդակ՝ 13 հատ: 60 հատ մարզումների բացվող փոքրիկ գորգ (տատամի), 6 հատ մարզագունդ (հանտելներ) (10 կգ), 3 կշռաքար (12 կգ), ծանրաձող (3 հատ), բռնցքամարտի մարզման ռինգ(2 հատ), 10 քիքբոքսինգի ձեռնոց, 2 բռնցքամարտի տանձիկ, 2 մեծ բռնցքամարտի տանձիկ, 2 բռնցքամարտի ձեռնոց, 8 բռնցքամարտի սաղավարտ և ռինգի համար փափուկ հիմք:
Շուշան Շիրինյան