Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեում նախատեսված է 890 հազար լարի գումար, որով կիրականացվի 3 խոշոր ենթակառուցվածքային նախագիծ:

Առաջին նախագծով նախատեսվում է Խորենիա գյուղում (400 000 լարի գումարով) խմելու ջրի խողովակաշարի անցկացում: Երկրորդ նախագծով՝ Վարևան գյուղի խմելու ջրի խողովակաշարի անցկացում (170 000 լարիով), իսկ մյուս նախագծով նախատեսվում է Գումբուրդո գյուղում (320 հազար լարիով) կառուցել մանկապարտեզ:

Բոլոր երեք ենթակառուցվածքային աշխատանքների նախագծերն արդեն կազմված են: Քաղաքապետարանը սպասում է «Խրիզոլիտ» փորձագիտական կազմակերպության հավանությանը: Նախագծային հաշվարկները կազմվելուց հետո դրանք հաստատում է «Խրիզոլիտ» անկախ փորձագիտական կազմակերպությունը ու այդ աշխատանքի համար տեղական բյուջեից ստանում է 438 հազար լարի:

Ենթակառուցվածքային նախագծերի նախապատրաստման համար հատկացվել է մոտ 293 հազար լարի:

Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային ծառայության, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի խոսքերով, նրանք բարձրալեռ հիմնադրամից կես միլիոն լարի են ակնկալում:

«Կես միլիոն լարի ստանալու դեպքում, մենք 250 հազար լարիով կասֆալտապատենք նախկին զինվորական ավանը և մնացած 250 հազար լարիով Գոգաշեն գյուղում կկառուցենք մանկապարտեզ », – ասաց Ալբերտ Նահատակյանը:

Շուշան Շիրինյան