Դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը: Սամցխե-Ջավախեթիի հանրային պաշտպանի գրասենյակը յուրովի շնորհավորեց այս օրվա կապակցությամբ:
Վերջին տարիներին Վրաստանում ակնհայտ է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթացը, սակայն, այնուամենայնիվ, ժողովուրդը կանգնած է այնպիսի մարտահրավերների առաջ, ինչպիսիք են կանանց, սահմանափակ կարողությունների տեր անձանց եւ այլոց իրավունքների պաշտպանությունը:
Մարդու իրավունքների օրը նշվում է դեկտեմբերի 10-ին, հենց այս օրը՝ 1948 թ.-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս հռչակագրի համաձայն՝ յուրաքանչյուր անձ ծնվում է ազատ եւ հավասար, մարդու իրավունքների հարգանքը եւ պաշտպանությունը յուրաքանչյուր պետության պարտականությունն է և այս նպատակին պետք է ձգտի ցանկացած ժողովրդավարական հասարակություն:
Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Վրաստանում տեղի են ունեցել տարբեր միջոցառումներ: Սամցխե-Ջավախքի հանրային պաշտպանի գրասենյակը տեղեկատվական հանդիպում է անցկացրել Բորժոմիում, բուկլետներ է բաժանել բնակիչներին և տեղեկացրել մարդու իրավունքների եւ օմբուդսմենի մանդատի մասին: Նաեւ պատմել Հանրային պաշտպանի տարածքային գրասենյակի աշխատանքի մասին:
Գրասենյակի աշխատակիցները Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ նաեւ շնորհավորել են բոլորին ֆեյսբուքյան ուղերձով:
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան տարեկան հաշվետվություն է ներկայացրել այս ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
2018 թ.-ին ավելի քան 36,5 հազար մարդ օգտվել է Ասոցիացիայի իրավաբանների անվճար իրավաբանական օգնությունից: Ավելի քան 4,7 հազար մարդու օգնել են դատական հայցեր, բողոքներ, հայտարարություններ կազմելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունեցել մեկ այլ միջոցառում: Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան, Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը եւ Վրաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) գործող ղեկավար՝ Մունխտույա Ալթանգերելը՝ Ռուսթավելի պողոտայում անցկացրեցին տեղեկատվական քարոզարշավ, որտեղ նրանք բնակիչներին պատմեցին մարդու իրավունքների պաշտպանության մասին:
UNDP-ի ղեկավարը նշել է, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կենդանի փաստաթուղթ է, որը վերաբերում է բոլորին և յուրաքանչյուրին: Հռչակագրում ամրագրված հիմնական իրավունքները, ինչպես 70 տարի առաջ, այսօր էլ շատ կարեւոր են: Ըստ Ալթանգերելի, չնայած այն փաստին, որ գրեթե բոլոր պետությունները ընդունել են հռչակագիրը, շատ երկրներում դրա իրականացումը շարունակում է մնալ մարտահրավեր:
«Այսօր ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը, որի հիմնական ուղին հավասարության, արդարության եւ մարդկային արժանապատվության համար պայքարն է: Մարդու իրավունքների հռչակագրի ընդունումից 70 տարի անց մենք խոսում ենք Վրաստանում գոյություն ունեցող ձեռքբերումների եւ մարտահրավերների մասին, մարդու իրավունքների եւ ազատության պաշտպանության մասին», – ասել է Լոմջարիան:
Վերջին օրերում Լոմջարիան ներկայացրել էր մարդու իրավունքների մասին 2018 թ. Զեկույցը, որի համաձայն, հիմնական խնդիրը մնում է երեխաների իրավունքների խախտումը: Տասը ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գրանցել է մոտ 700 նմանատիպ դեպք:
Զեկույցում նաեւ մեծ ուշադրություն է տրամադրվում կանանց իրավունքների պաշտպանության վրա:
Ինչ վերաբերում է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, նրանց համար մինչև վերջ հասանելի չեն ծառայությունները, կրթության ցածր մակարդակ է նկատվում եւ հասարակության մեջ հարմարեցման ծրագրերի անարդյունավետությունը ցածր մակարդակի վրա է:
Օմբուդսմենը հոգեբուժական հաստատություններում առկա խնդիրներն առանց ուշադրության չի թողել:
Կալանավորված անձանց իրավունքների հետ կապված իրավիճակը բարելավվել է, սակայն խնդիրները դեռեւս առկա են այնպիսի հաստատություններում, որտեղ առանձնահատուկ ռիսկով բանտարկյալներ են կրում իրենց պատիժը: