Դեկտեմբերի 9-ին Հայաստանում նոր խորհրդարան են ընտրելու: Հեղափոխությունից հետո կանցկացվեն հանրապետության մասշտաբով առաջին ընտրությունները։ Երկիրը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որին կմասնակցի 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9-ը կուսակցություն։ «Թավշյա» հեղափոխության առաջնորդն ու նրա թիմը կարող են խորհրդարանական մեծամասնություն դառնալ։
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալու է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունը։ Ընտրական օրենսգրքի համաձայն, քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:
Ազգային ժողովում կհայտնվեն բոլոր այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5% անցողիկ շեմը։ Դաշինքների համար այն կազմում է 7%:
Խորհրդարանական ընտրություններին 2 դաշինք է մասնակցում՝ «Իմ քայլը», «Մենք» և 9 կուսակցություն` «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան», «Ազգային պրոգրես», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Սասնա ծռեր», «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական «Դաշնակցություն», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն:
Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 574 հազար 916 ընտրող: Հայաստանի 13 ընտրատարածքում կա 2010 ընտրատեղամաս։
Քվեարկության ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնելու տեղական և միջազգային կազմակերպություններ։ Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԱՊՀ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան, SILBA (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն) և ENEMO (Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց)։