Հայաստանում կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: Կառավարությունը հաստատել է ԱԴ-ն երկարաձգելու մասին որոշումը, փոխանցում է PanArmenian.net տեղեկատվականը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արտակարգ դրության երկարաձգումն անհրաժեշտություն է, սակայն Պարետատան գործունեության և, անհրաժեշտության դեպքում, բնակավայր փակելու որոշումները կարող են իրագործվել միայն արտակարգ դրության պայմաններում։
Փաշինյանն ասել է, որ 1500-ից ավելի հիվանդանոցային բուժում ստացող ունենալու դեպքում կրկին սահմանափակումների կգնա Կառավարությունը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ սահմանափակումները կարող են նաև պայմանով կիրառվել, ինչպես օրինակ՝ որոշ վայրերում կարող է պարտադիր համարվել դիմակների կրումը։
Մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում և շաբաթական մեկ անգամ մեկ անձ կարող է հանձնունք տրամադրել։
Նշենք, որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 142-ով:
Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է։ Ապաքինվել է 1572 պացիենտ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, երկրում կատարվել է 36 016 թեստավորում: