Բարալեթ գյուղի մանկապարտեզը կվերաբացվի մոտ 6 ամիս չգործելուց հետո: Մանկապարտեզի շենքը վերանորոգվել է, հիմա 2 խմբի փոխարեն, նախադպրոցարան են հաճախելու 3 խմբի երեխաներ:
Մանկապարտեզի սենյակները վերանորոգված և կահավորված են, պատրաստ օգտագործման։
Մանկապարտեզի երկու հարկում էլ կա զուգարան։
Ներկա դրությամբ մանկապարտեզի խոհանոցը գտնվում է երկրորդ հարկում, սակայն ըստ աշխատակցի, հետագայում ցանկություն կա այն տեղափոխել առաջին հարկ։
Սկզբնական շրջանում մանկապարտեզ հաճախել են երկու խումբ Բարալեթ և Իխտիլա գյուղի երեխաները, հիմա կավելանա ևս մեկ խումբ։
“Մինչև հիմա ունեինք երկու խումբ՝ 60 երեխա, հիմա ավելացել է Մերենիա գյուղի խումբը՝ 28 երեխա։ Ընդհանուր 88 երեխա կհաճախի մանկապարտեզ։ Շենքը լավ մեծ է և բոլոր երեք խմբերի համար բավարար է”, – ասաց Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը։
Նոր խմբի ավելացման հետ մեկտեղ կավելացվեն նաև նոր աշխատակիցներ, որի համար էլ մրցույթ էր հայտարարվել։
“Աշխատողների համար մրցույթը հայտարարել էինք, հարցազրույց անցկացրել ենք արդեն, սպասում ենք պատասխաններին։ Մերենիա գյուղից երկու դիմորդ է եղել դայակի համար, իհարկե կընտրվի մեկը, իսկ դաստիարակի համար դիմել են Բարալեթ գյուղից։ Ունեինք 9 աշխատող, հիմա ընդհանուր կլինեն 12-ը”, – հավելեց Զարուհի Բարբարյան:
Մանկապարտեզի վերանորոգման համար հայտարարվել էր տենդեր-մրցույթ, որին էլ մասնակցել են՝ անհատ ձեռներեց Նորայր Նալբանդյանը, ՍՊԸ «Օվալին», ՍՊԸ «Կոլխա 2014» և անհատ ձեռներեց Աղվան Քոսյանը։ Տենդեր-մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Նորայր Նալբանդյանը: Ըստ Ախալքալաքի քաղաքապետի և Նորայր Նալբանդյանի մինջև կնքված պայմանագրի, աշխատանքները պետք է ավարտեին պայմանագրի կնքվելու օրվանից՝ 2018 թվականի ապրիլի 20-ից մինչև օգոստոսի 3-ը։ Սակայն պայմանագիրը փոփոխությունների է ենթարկվել և երկարացվել է աշխատանքների ավարտի ժամկետը այն հասցնելով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Գյուղի լիազոր Գրիգոր Ղարագեբակյանն ասում է, որ աշխատանքներն ժամկետին ավարտվել են։
«Սկզբում այդ շենքի միայն երկրորդ հարկն էր օգտագործվում որպես մանկապարտեզ, հիմա առաջին հարկն էլ ամբողջությամբ վերանորոգվեց։ Կային չնչին աշխատանքներ, օրինակ երբ որ ջրամատակարարման համակարգի կառուցումից հետո որոշ տեղեր կաթում էր, դա են նորոգել, շատ մանր հարցեր կային, բայց գործը ժամանակին են հանձնել»։
Ներկա դրությամբ աշխատանքները ավարտված են, սակայն վերանորոգումից հետո մանկապարտեզի մի սենյակի պատը խոնավացել է, ըստ տնօրենի մանկապարտեզը բացվելուց այդ սենյակը չի օգտագործվի, մինչև գարնանը սենյակը ամբողջությամբ չվերանորոգեն։