Նման չափանիշով Վրաստանում այլևս չպետք է անցկացվեն ընտրությունները,- այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Մարգվելաշվիլին գնահատել է երեկ կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը եւ նշել, որ մտահոգված է ժողովրդավարական որակի կտրուկ անկմամբ:

«Հետևելով երեկվա ընտրություններին եւ դիտորդական կազմակերպությունների գնահատականների վերլուծության հիման վրա, ուզում եմ մտահոգությունս հայտնել երկրորդ փուլում ժողովրդավարական որակի կտրուկ անկման վերաբերյալ եւ միանշանակ ասել, որ Վրաստանում նման չափանիշներով ընտրություններն այլեւս չպիտի անցկացվեն», – ասել է Մարգվելաշվիլին:

Միեւնույն ժամանակ, Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել երկրի բնակչությանը` ընտրություններին ակտիվ մասնակցելու համար:

«Վրաստանի քաղաքացիներ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Ձեր նման բարձր ակտիվությունը հստակ ցույց տվեց, որ Ձեզ համար նախագահի ընտրությունը զգալի փորձառություն է՝ սկզբունքային եւ քաղաքացիական պարտականության կատարման գործում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև դիտորդական առաքելություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացրեցին որակյալ եւ բարձր պրոֆեսիոնալիզմով: Նաեւ շնորհակալություն եմ հայտնում լրատվաղիջոցներին, որոնք այս ընտրությունները լուսաբանում էին՝ ինտենսիվ եւ պրոֆեսինոնալ», – նշել է Մարգվելաշվիլին: