Յուրաքանչյուր ընտրողի ձայն կլինի պաշտպանված և դա մեր իշխանությունների հաստատակամ քաղաքական կամքն է, – այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:

«Վաղը մեր երկրում անցկացվելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ազատ և ժողովրդավարական ընտրությունները՝ 2012 թվականից հետո, «Վրացական երազանքի» պայմաններում, դարձել է ավանդույթ և վրաց ժողովրդի այդ ձեռքբերումը մեր իշխանություններն անպայման կպաշտպանեն»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Թեեւ ընտրությունների օրը հայտարարված է ոչ աշխատանքային, վարչապետը դիմել է բոլոր գործատուներին չխանգարել ընտրություններում աշխատողների մասնակցությանը:

«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին լինել ակտիվ, կատարել երկրի առջև քաղաքացիական պարտքը, գալ ընտրություններին եւ կատարել իրենց համար ցանկալի ընտրությունը: Ես նաեւ կոչ եմ անում բոլոր գործատուներին նպաստել նրան, որ մեր յուրաքանչյուր քաղաքացին հնարավորություն ունենա մասնակցելու ընտրություններին, եւ օրենքով երաշխավորված իրավունքը չլինի սահմանափակվաղ», – ընդգծել է վարչապետը:

Մամուկա բախտաձեի խոսքերով, իշխանությունները արել են հնարավորինս այն բանի համար, որ այս ընտրությունները լինեն ազատ, թափանցիկ և ժողովրդավարական:

Նա կոչ է արել բոլորին պաշտպանել օրենքը և նշել, որ ցանկացած ապօրինի գործողության դեմ, պետությունը կգործի օրենքի ողջ խստությամբ:

«Ես կոչ եմ անում բոլորին պաշտպանել օրենքի պահանջները, ընտրական գործընթացում չստեղծել իրավիճակ, որը կխանգարի ընտրողի ազատ կամքի արտահայտմանը, կստեղծի վտանգ եւ կվարկաբեկի ընտրական գործընթացը», – հայտարարել է վարչապետը: